Ովքեր ներդրում ունեցան հայաթափման, կոռուպցիայի և այլ զազրելի արարքներում 

08 Դեկտեմբերի 2015

«Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ հայկական ընտրությունների ամենախայտառակ ավանդույթների համաձայն: Ինչպես 1998 թվականին, երբ փաստացի ՀՀ նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները հանվում էին քվեատուփերից` փոխարենը լցնելով Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկածները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզչության շտաբի պետն է, կարող է իր կենսագրության մեջ նշել, որ ինքը Հայաստանի հայաթափման գործում ամենանշանակալի ներդրում ունեցող իշխանական գործիչներից մեկն է:

ՀՀԿ շտաբի պետի տեղակալներից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես կարող է իր կենսագրության մեջ գրել, որ տակավին երիտասարդ տարիքում ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում մարդը՝ որպես արժեք, վերանա, և մեր երկիրը շեղվի զարգացման ուղուց:

Ընտրական համակարգի բռնաբարիչներից էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, որը ծպտյալ պաշտոնավարում է մեր երկրում տարիներ շարունակ` իր ընտանիքին ԱՄՆ-ում տաքուկ տեղավորելով:

Արտակարգ մակարդակի ընտրակեղծարարությունն իրականացվեց նաև ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղղակի մասնակցությամբ: Նա էլ օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ խեղճուկրակ գյուղապետերի վրա էր «թիվ դրել»:

Դեկտեմբերի 6-ին կայացած խայտառակ հանրաքվեի «կոռուպցիայի» գծով պատասխանատուն էլ ՀՀԿ-ի շտաբի պետի մյուս տեղակալն էր՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մարդ, որ մի անգամ արդեն ոգելից խմիչքը չարաշահելու համար հեռացվել էր նախագահականից և հիմա շարունակում է պետության հաշվին միլիոնավոր դոլարներ կուտակել:

Ահա, թե ովքեր են ծառայամտության դասեր տալիս հայ հասարակությանը և ստիպողաբար իրենց կամքը թելադրում ողջ ժողովրդին», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ