Արցախ, Ղրիմ, թե Սիրիա. ո՞ր ուղղությամբ Թուրքիան պատերազմ կսկսի

19 Փետրվարի 2016

Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ավելին, այդ հարաբերությունները լարվածության նոր լիցքեր են ստանում: Թուրքիան հիմա զարտուղի ճանապարհներ է փնտրում Ռուսաստանի դեմ առճակատման համար:

Այս առումով Թուրքիան ունի երեք ընտրություն` Ուկրաինայի միջոցով և այդտեղ բնակվող թաթարների ձեռքով, Սիրիայի ընդդիմադիրների միջոցով և Արցախի ուղղությամբ` Ադրբեջանի ձեռքով:

Ներկա պահին թուրք պաշտոնյաների պաշտոնական այցելությունները հուշում են, որ դեռևս ճակատը ճշգրտված չէ և դեռևս չկա որոշում, թե Ռուսաստանի դեմ, որ կողմից պետք է դուրս գան:

Փետրվարի 15-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն այցելեց Ուկրաինա և մի շարք հանդիպումներ ունեցավ: Այս այցելությունից հետո ակտիվացան այդ երկրում բնակվող թաթարները և, ըստ որոշ տեղեկությունների, թաթարները ակտիվորեն սկսել են ընդունվել բանակի շարքերը: Սակայն ռեալ գնահատելով թաթարների հնարավորությունները Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում պետք է փաստել, որ այս ուղղությամբ Թուրքիային որևէ լուրջ հաջողություն չի սպասվում:

Սիրիական խնդիրը նոր երանգ է ստանում և այստեղ էլ թուրքերը ամեն կերպ փորձում են ներգրավվել: Թուրքիան խոշոր աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը և վերջին օրերին ինքն էլ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին: Սիրիայում թուրքերի համար, բացի Ռուսաստանից, մեծ խնդիրներ են առաջացնում նաև քրդերը, որոնք վայելում են ՌԴ աջակցությունը: Իրականում Սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի ուղիղ ներգրավումը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար, իսկ քրդերի դեմ գործողությունների շարունակականությունը կարող է հանգեցնել այն բանին, որ Թուրքիայի քրդերը էլ ավելի կսաստկացնեն իրենց զինված պայքարը և այն կտեղափոխեն Թուրքիայի եվրոպական հատված: Սակայն դեռևս հնարավոր չէ հստակ ասել, որ Թուրքիան պատրաստ է մտնել Սիրիա և այն էլ այն դեպքում, երբ այս պլանին դեմ են նաև Թուրքիայի արևմտյան գործընկերները:

Հաջորդ ճակատը, որը կարող է Թուրքիան օգտագործել Ռուսաստանի դեմ` հայ-ադրբեջանական սահմանի Արցախի հատվածն է: Այս առումով ևս, կարծես, ծրագրեր են քննարկվում, քանի որ օրերս Ադրբեջան այցելեց Դավութօղլուն, իսկ մոտ ժամանակներին Ադրբեջան կայցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Արցախի սահմանին Թուրքիայի հրահրմամբ զինված բախումները ևս շատ հավանական են: Իսկ եթե գումարենք այն, որ Արցախի խնդրին Ռուսաստանը չի կարող ուղիղ զինված մասնակցություն ունենալ, ապա այն Թուրքիայի համար բավական գրավիչ կարող է թվալ: Սակայն չպետք է կարծել, թե Արցախի ուղղությամբ Թուրքիայի գործողությունները մարսվելու են: Գերտերությունները վստահաբար դեմ են նոր ռազմական բախման օջախ ստեղծելուն և այս առումով էլ Թուրքիային դժվար ընտրություն է սպասվում:

Ամփոփելով պետք է նկատել, որ այս երեք ուղղություններն էլ Թուրքիայի համար վտանգավոր են, սակայն նա պարտավոր է ընտրել դրանցից մեկը` ստեղծված փակուղուց դուրս գալու համար:

Բորիս Մուրազի

Աղբյուրը՝ politik.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ