Մեր խնդիրն է զգուշավոր լինել, բայց ոչ՝ չեզոք

14 Փետրվարի 2016

Արդեն մի քանի օր է, որոշ շրջանակներում Կարսի պայմանագրի մասին են հիշել և խոսում են, թե ՌԴ նախագահը չի պատրաստվում վերակնքել այն: Սակայն մի փոքրիկ ճշգրտում. այնքան Կարսի պայմանագրի մասին չէ խոսքը, որքան Մոսկվայի պայմանագրի, որը կնքվել է 1921թ. մարտի 16-ին Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության՝ Հայաստանի շահերը ոտնահարելով: Այդ պայմանագրի կետերից մեկը նախատեսում էր Ռուսաստանի կողմից համանման պայմանագիր պարտադրել նաև Անդրկովկասի 3 հանրապետություններին, որը տեղի ունեցավ արդեն Կարսում, 1921թ. հոկտեմբերի կեսերին: Խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է, որովհետև Ռուսաստանը չի կարող չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, քանի որ ինքը չի կնքել այդ պայմանագիրը: Ինքը կնքել է այդ պայմանագրի մայր տարբերակը, որը հետագայում ծնեց Կարսի պայմանագիրը: Մոսկվայի պայմանագրում, հետագայում նաև Կարսի պայմանագրում այն թարմացնելու կետ չկա: Բայց ցավալիորեն, դրանից 90 տարի անց՝ 2011 թ. մարտի 16-ին, երբ Էրդողանը եկավ Մոսկվա, Մեդվեդևի հետ նրանք, կարծես թե, խորհրդավոր ձևով վերաթարմացրին այդ պայմանագիրը՝ որպես նվեր փոխանակելով պայմանագրի տեքստը և Կարսի պայմանագրից լուսանկար, որը, իհարկե, շատ անընդունելի է: Ցավալիորեն մենք այն ժամանակ չարձագանքեցինք, երբ ուղղակի աղ լցրին մեր վերքի վրա. գիտենք, որ Մոսկվայի պայմանագրի արդյունքում մենք կորցրինք Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռնագագաթով հանդերձ:

Վերլուծենք ներկա իրադարձություններում մեր երկրի համար վտանգավոր իրավիճակները։

Ցավն այն է, որ «Իսլամական պետություն» կոչվածը իրականության մեջ Թուրքիայի ստեղծածն է, իհարկե, Արևմուտքի իմացությամբ և թողտվությամբ: Երբ Արևմուտքը վերջնականապես գա այն համոզման (ՌԴ-ն վաղուց դրանում համոզված է), որ ԻՊ-ը և Թուրքիան նույն պետությունն է, աշխարհը ուղղակի շուռ կգա Թուրքիայի դեմ: Ես ենթադրում եմ, որ միևնույն է, այդ ահաբեկչական գործողությունները ԻՊ-ը եվրոպական երկրներում շարունակելու է և դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԻՊ-ը և Թուրքիան, որը ձևականորեն իբր թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ահաբեկչի գլխավոր պաշտպանն է: Այդ իմաստով այս կոնֆլիկտը, իհարկե, ընդլայնվելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետև, ի վերջո, կարող է վերածվել կոնֆլիկտի նաև Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին և ԼՂՀ-ին, իհարկե, այստեղ որոշակի վտանգ գոյություն ունի. մենք ՀԱՊԿ անդամ ենք, և Ռուսաստանի պատերազմական վիճակի մեջ հայտնվելը որևէ երկրի հետ մեխանիկորեն ենթադրում է նաև մեր մասնակցությունը այդ ռազմական գործողություններին: Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չավուշօղլուն, հետո Դավութօղլուն մեկնում են Բաքու և հանդիպումներ ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: Բնականաբար, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու առումով սրա մեջ ևս վտանգ գոյություն ունի, որովհետև Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դեմ փորձեն օգտագործել ադրբեջանական գործոնը և տարածաշրջանում սրվածություն ստեղծելով, նոր դժվար կացության առջև կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգություն ապահովելու իմաստով, մասնավորապես մեր մասով որոշակի պարտավորություններ ունի: Դրա համար մենք պետք է չափից ավել զգուշավոր լինենք: Չափազանց ոգևորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել: Բայց նաև պետք է ունենանք հայեցակարգային հստակ մոտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակետից: Ոմանք ոգևորվել են, որ ռուսական կողմը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Պետդումա կարող է մտցնել: Ես, անկեղծ ասած, դրանից խանդավառ չեմ, իհարկե, բարոյական առումով լավ է, բայց եթե ՌԴ-ում ժխտողական դիրքերում կանգնած մարդկանց պիտի դատեն, դա մեր գլխավոր խնդիրը չէ: Մենք կորցրել ենք հայրենիք, մեր խնդիրը միանգամայն այլ է, այլ ոչ թե այս կամ այն մարդուն դատարան բերելը:

Մեր խնդիրը չափից ավելի զգուշավոր լինելն է, չեմ ասում՝ չեզոք, որովհետև, որպես ՀԱՊԿ անդամ, պարտավորություններ ունենք ՌԴ-ի նկատմամբ: Մենք մեր տեղը պետք է ունենանք և մեր ռազմավարական դաշնակցին հասկացնենք, որ Գյումրիի ռազմաբազան պետք է ամրապնդել, պաշտպանության նոր միջոցներ այնտեղ պետք է բերվեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի վստահ լինենք: Եվ այլևս անթույլատրելի պետք է նկատել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելը, որը, կարծում եմ, հավասարազոր է Թուրքիային զենք տրամադրելուն: Տեսնում եք, ադրբեջանցիները ևս բավական զգուշավոր են, չեն փորձում արտահայտվել, խոսում են խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին և սահմանին շատ ավելի զսպված են իրենց պահում: Սահմանային կրակոցներն էլ են քչացել: Միանգամայն հասկանալի է, որովհետև իրենց ավագ եղբոր նկատմամբ ՌԴ-ի այս կոշտ դիրքորոշումը ուղղակի ուղղվում է նաև Ադրբեջանի դեմ: Ադրբեջանը հպարտանում էր, որ Թուրքիան իր թիկունքին կանգնած երկիր է, և ինքը որևէ խնդիր չունի՝ այս տարածաշրջանում Թուրքիայի նման հզոր թիկունք ունենալու պարագայում: Հիմա իր թիկունքը վտանգված է, և դրա համար էլ Ադրբեջանը շատ ավելի զգույշ է, պատերազմական հռետորաբանությունը բավական նվազել է:

Կարսի պայմանագիրը վերանայման մասին։ Կարսի պայմանագիրը չի կնքել ՀՀ-ն: Այն կյանքի է կոչել Խորհրդային Հայաստանը, իսկ մենք, որպես անկախ Երրորդ հանրապետություն, ուղղակիորեն դրա պարտավորությունը չենք վերցնում, և պատահական չէ, որ նաև պետական մակարդակով հաճախակի խոսվում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին: Միջազգային իրավունքի տեսանկյունից, այսօր գործող պայմանագիրը, թեպետ այն չի վավերացվել, հանդիսանում է Վիլսոնի իրավարար վճիռը, ըստ որի, Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի և Վանի վիլայեթների մեծագույն մասը համարվում են ՀՀ տարածք: Դա իսկապես ուժ կստանա, թե ոչ՝ կախված է այն բանից, թե ամբողջ աշխարհը որքանով կհակվի Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու: Ես համոզված եմ, որ եթե ԻՊ-ը շարունակի իր գոյությունը պահպանել ևս մի քանի տարի, դա կնշանակի, որ խոսքը Թուրքիայի կողմից ԻՊ-ին ամեն տեսակ օգնության մասին է: Առանց Թուրքիայի վերացման չի կարող վերանալ նրա ծնունդ հանդիսացող ԻՊ-ը: Եթե աշխարհը հակվեց դրան, ինչպես 1916 թ. անգլիացի և ֆրանսիացի դիվանագետներ Սայքս-Պիկոյի համաձայնագրով, որին միացավ նաև նրանց դաշնակից Ռուսաստանը և որոշվեց հիմնականում այդ 3 մեծ պետությունների միջև բաժանել Օսմանյան կայսրությունը, բայց հետո տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխությունը, Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և, ցավոք, այդ ծրագիրը մնաց թղթի վրա... Բայց ես համոզված եմ, որ այն ցանկացած պահի կարող է մտնել գործողության մեջ, որովհետև նույնիսկ ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներ, նրանց նախկին շատ ղեկավար զինվորականներ հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի լինելը վարկաբեկում է այդ ռազմական կառույցը, և ժամանակն է Թուրքիային վտարել այդ կազմակերպությունից: Այ, եթե դա տեղի ունենա, կլինի նաև այն, ինչի մասին մենք խոսում ենք:

Հավանականությունը մեծ է, որովհետև Թուրքիան կայսրություն է, իսկ կայսրությունները, որպես պատմաբան եմ ասում, դատապարտված են փլուզման: Թուրքիան այդ առումով բացառություն չի կարող լինել: Քրդական պրոբլեմը և նրա հարևան բոլոր երկրների հետ ունեցած փաստացի թշնամական վերաբերմունքը դրա վկայությունն են: Ես համոզված եմ:

 

Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն,

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս

Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/read/75169

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: