Հայ-ռուսական հարաբերությունների համառոտ պատմություն

04 Փետրվարի 2016

(սկզբնավորման պահից մինչև մեր օրերը)

Նվիրված է Թուրքմենչայի պայմանագրի 187-ամյակին

Այս հոդվածի խնդիրն է համառոտ ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ամբողջ պատմությունը։ Ես փորձել եմ կանգ առնել ամենակարևոր և վճռորոշ փաստերի վրա, որոնք կօգնեն ամբողջական պատկերը ստեղծելու։

Կարելի է ասել, որ մինչև 20-րդ դարը հայոց պատմության մեջ Ռուսաստանի դերը միակողմանիորեն ընկալվում է դրականորեն, սակայն դրանից հետո տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնց ընթացքում մենք՝ հայես կորցրինք մեր պատմական տարածքի հսկայական հատվածը։ Որոշ կեղծ պատմաբաններ և քաղաքացիներ, ովքեր արևմտյան ազատական գաղափարների համակիրներ են, փորձում են այդ ամենում մեղադրել հենց Ռուսաստանին։ Կարծում եմ, այդ իրադարձությունների նկարագրությունը պետք է տրվի առավելագույն անաչառությամբ, իսկ հետևությունները պետք է կատարի ուշադիր ընթերցողը։ Այդ դժվարին ժամանակաշրջանի խրթին իրադարձությունները փորձելու եմ ներկայացնել առավել մանրամասնությամբ։

Այս հոդվածի վրա աշխատելիս, օգտագործել եմ միմիայն պատմական ստուգված աղբյուրները, հիմնականում հետխորհրդային շրջանի աղբյուրները, որպեսզի խուսափեմ կանխակալության և կողմնակալության մեղադրանքներից։

Ա

Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն։ Պրոֆեսոր Գրիգորյանն իր մենագրության մեջ գրել է․ «Եթե համեմատենք հայերի հարաբերությունների այն փորձը, որ ունեցել են հունական, հռոմեական, արաբական, պարսկական, բյուզանդական, սելջուկյան, թաթար-մոնղոլական, օսմանյան ագրեսիվ պետությունների հետ, ապա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները միանգամայն այլ էին։ Վերը նշված բոլոր պետությունները բոլոր հնարավորություններն օգտագործում էին, որպեսզի գրավեն հայկական տարածքները, տիրանան նրանց հարստությանը, հայկական հողը վերածեն երկարատև և արյունալի ռազմական գործողությունների թատերաբեմի, իսկ ժողովրդին ֆիզիկական ոչնչացման ենթարկեն։ Միանգամայն այլ էին ռուս ժողովրդի հետ հարաբերությունները»։

Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն սկսվում է Կիևյան Ռուսիայի ժամանակներից։ Այդ ժամանակաշրջանում հայ և ռուս ժողովուրդների միջև հաստատվում և ամրապնդվում են տնտեսական ու առևտրական հարաբերությունները։ Հնագույն ժամանակներից Հայաստանի տարածքով անցնում էին Արևմուտքից Արևելք և Արևելքից Արևմուտք առևտրային ճանապարհները, որը հնարավորություն էր տալիս հայերին առևտրային կապեր ստեղծել ոչ միայն մերձակա հարևանների, այլև հեռավոր երկրների, այդ թվում՝ ռուսների հետ։

Հայաստանի մայրաքաղաք Դվինն Արևելքի առևտրային և արհեստավորական հիմնական կենտրոններից մեկն էր։ Մշտապես Հայաստան էին այցելում Հնդկաստանի, Պարսկաստանի, Հռոմի, Բյուզանդիայի, ինչպես նաև Ղրիմի և մերձսևծովյան շրջանների առևտրականները։ Համաշխարհային առևտրում Հայաստանի մասնակցությունը հատկապես մեծացավ 9-11-րդ դարերում և համընկավ Արաբական խալիֆաթի և Բյուզանդիայի միջև հաղորդակցության ակտիվացման հետ։ Հայ առևտրականները վաճառում էին ցորեն, կենդանիներ, գինի, ներկեր, մետաղներ։ Նրանք այցելում էին Կիևյան Ռուսիայի քաղաքներ՝ անցնելով Բյուզանդիայի տարածքով, իսկ հետո նաև Ղրիմից, որտեղ նրանք ապրում էին 7-8-րդ դարերում և առևտրական մեծ կենտրոն ունեին Սուդակում։

13-14-րդ դդ․ մոնղոլական ավերիչ արշավանքների հետևանքով հայերից շատերն էին փախչում Ղրիմ, որի արդյունքում մեծանում էր տեղի համայնքը, որն էլ հիմնական դերը խաղաց Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններ հաստատելու գործում։ Կիևում հայ առևտրականների ակտիվության մասին գրել է Ն․Կարամզինը «Ռուսական պետության պատմություն» գրքում։

Ժամանակի ընթացքում հայ որոշ առևտրականներ Կիևում մշտական բնակության թույլտվություն են ստանում, որի արդյունքում 11-րդ դարում այնտեղ ձևավորվում է հայ համայնքը։ Հայերը համայնքներ են ստեղծում նաև Լվովում, որի շնորհիվ այդ քաղաքը հետագայում առևտրային կապ է ստեղծում Մոսկվայի թագավորության հետ։ Այստեղ էին ապաստան գտնում նաև բալկանյան աքսորից փախած հայկական Պավլիկյան ու Թոնդրակյան կրոնական շարժումների դաժան ճնշման ու հալածանքների ենթարկված անդամները։

Ռուսիայում քրիստոնեություն ընդունելուց հետո սկսում են ամրապնդվել նաև եկեղեցական կապերը։ 1157 թ․ Կիևում գումարվում է հայ եկեղեցականների ժողով, որին մասնակցում են նաև ռուսական եկեղեցու ներկայացուցիչները։

Նովգորոդի Ներեդիցա տաճարի որմնանկարներում շատ են հայ սրբերի, Գրիգոր Լուսավորչի, սբ Հռիփսիմեի սրբապատկերները։ Կիևում, Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և Մեծ Նովգորոդում կառուցվում էին հայկական եկեղեցիներ։

Եկեղեցական հարաբերությունների հետ մեկտեղ զարգանում են նաև հայ-ռուսական մշակութային հարաբերությունները։ Ռուսական հին աղբյուրներում հիշատակվում են Կիևյան Ռուսիայում գործունեություն ծավալած հայ բժիշկների մասին։ Նրանց այցելում էին տեղի իշխանները։ Պատմական տեղեկատվություն է պահպանվել մի հայ բժշկի մասին, ով հայտնի է եղել ամենաբարձր վերնախավի շրջանում և բուժել է Վլադիմիր Մոնոմախին ու ռուս բոյարներին։

Վկայություններ կան հայ ճարտարապետների, որմնադիրների, քանդակագործների մասին, ովքեր աշխատել են Կիևյան Ռուսիայում։ Հայտնի փաստ է, որ մեծ իշխան Յարոսլավ Իմաստունի տապանաքարի վրա հայկական զարդանկար է արված, դրա վրա նաև հայերեն մակագրություն է եղել, որը մեծ մասամբ ջնջվել է, սակայն այսօր էլ այդ տապանաքարի վրա հայկական տառերը նշմարվում են։ Հայ վարպետները մասնակցել են նաև Նովգորոդի Ներեդիցա եկեղեցու կառուցման աշխատանքներին։

Զարգանում էին նաև գրական կապերը։ 12-13-րդ դդ․ կատարվում էին ժամանակի մի շարք նշանակալի աշխատությունների համատեղ թարգմանություններ՝ հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն։ Ավելի ուշ՝ 1616 թ․ Հայաստանից Լվով մեկնած Հովհաննես Կարմատենյանցը հիմնում է հայկական տպարան։ 1616-1618 թթ․ այդ տպարանում տպագրվում են «Սաղմոսագիրքը», «Բժշկարանը», «Աղոթագիրքը»։

Հայ և ռուս ժողովուրդների առևտրատնտեսական կապերի զարգացման հաջորդ փուլը Մոսկովյան թագավորության ժամանակաշրջանում է վերսկսվում։ Հայ վաճառականական դասը ուշադրություն է դարձնում Ռոստով-Սուզդալի, Վլադիմիրի, Նովգորոդի, Մոսկվայի զարգացող շուկաներին։ Վաճառականներից շատերը նորաստեղծ մայրաքաղաքի առևտրային հնարավորությունները նկատելով, բնակություն են հաստատում այնտեղ։ Նրանք մեծ դեր են խաղացել Արևելքի խոշոր շուկաների հետ երիտասարդ Մոսկովյան թագավորության առևտրային կապերի հաստատման գործում։

Հին տարեգրություններում շատ հիշատակություններ կան Նիժնի Նովգորոդում հայերի ներկայության մասին։ Ուշագրավ հիշատակություն կա Սեմյոնովսկում և Մոսկվայում պահվող տարեգրություններում, որը վերաբերվում է 1390 թ․ հուլիսի 22-ին տեղի ունեցած հրդեհին, որի ժամանակ այրվել է հայ վաճառական Աբրահամի առևտրի տունը։

Մոսկվայում հայ վաճառականների թիվը տարեցտարի ավելանում էր, նրանք ավելի ու ավելի կարևոր դեր են կատարում։ Այդ մասին նշել է ակադեմիկոս Տիխոմիրովը՝ «Հին Մոսկվա» գրքում։ Նա գրում է, որ հայ վաճառականների օգնությամբ առևտրային կապ էր պահպանվում Վոլգայով Ոսկե Հորդայի, Պարսկաստանի և Անդրկովկասի հետ։

14-րդ դարի վերջին և 15-րդ դարասկզբին Մոսկվայում աճում է հայ արհեստավորների և այլ մասնագետների թիվը։ Չնայած Ռուսական Ուղղափառ եկեղեցու վատ վերաբերմունքին, որը հայերին համարում էր հերետիկոսներ, այնուամենայնիվ հայերը բարիդրացիական հարաբերություններ էին հաստատում ռուսների հետ։

Տարեգրությունները վկայում են, որ 1552 թ․, երբ Իվան Գրոզնին պաշարում է Կազանը, տեղի հայերը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ հրաժարվում են իրենց թնդանոթներից կրակել ռուս զինվորների վրա, կամ միտումնավոր այնպես են անում, որ թնդանոթի ռմբագունդը նպատակակետին չհասնի։ Իսկ Կազանի գրավումից հետո՝ որպես երախտագիտություն, հայերին լրացուցիչ արտոնություններ են տրվում և՛ Կազանում, և՛ Մոսկվայում։

Հիշենք նաև, որ Կարմիր հրապարակում գտնվող Երանելի Վասիլիի տաճարի գմբեթներից մեկը կառուցվել է ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։

17-րդ դ․ վերջին Մոսկվայի հայ բնակիչների թիվը գերազանցում էր 2000-ը։

Այսպիսով, հայերի և ռուսների անընդհատ զարգացող առևտրային և մշակութային հարաբերությունները 16-17-րդ դդ․ նախադրյալներ են ստեղծում քաղաքական հարաբերությունների հաստատման համար։ Ռուսական պետությունը հզորանում էր, Իվան Գրոզնու ժամանակներում նրա սահմանները մոտենում են Կովկասին։ Իսկ թուրք-պարսկական մահմեդական լծի տակ տառապող հայ ժողովուրդը քրիստոնյա ռուս ժողովրդի մեջ աստիճանաբար դաշնակից է տեսնում։ Ռուսաստանն, իր հերթին, իր ռազմավարական շահերից ելնելով, ավելի է շահագրգռվում Կովկասի ժողովուրդների հետ կապերը խորացնելու հարցում։

 

Շարունակելի

Զավեն Գրիգորյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: