Հայաստանը մեծ երկիր է

23 Հունվարի 2016

Ճիշտ ինքնագնահատումը, սեփական տեղն ու դերը համաշխարհային թատերաբեմում, աշխարհի համար կշիռը և նշանակությունն ընկալելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի և պետության հաջողության համար: Իհարկե, գերագնահատումը վտանգավոր է։ Օրինակ, Հայաստանին դեռ ԽՍՀՄ-ից մնացել են բաներ, որոնք ավելի շատ իրենց մեջ կայսրության քան հանրապետության բովանդակություն ու կշիռ են պահպանում, սակայն մենք դրանք ընկալում ենք իբրև մեր երկրի անբաժանելի մասը, չցանկանալով ազատվել դրանցից։ Կամ մինչև այսօր հիանում ենք մեր նախնիների ստեղծած ֆանտաստիկ մշակույթով, այդ ճանապարհին «մոռանալով», որ այսօրվա աշխարհում մրցունակ լինելու համար, հնարավոր չէ անվերջ նախնիների ստեղծած ռեսուրսը օգտագործել, չստեղծելով նոր արժեքներ։

Սակայն, ոչ պակաս մտահոգիչ է, եթե չասեմ վտանգավոր, հակառակ մտայնությունը։ Շատ հաճախ կարելի է լսել՝ «Հայաստանը փոքր երկիր է» արտահայտությունը։ Ընդ որում, այս բառակապակցությունը դարձել է յուրօրինակ արդարացում բոլոր բնագավառներում։

Պաշտոնյաներն արդարացնում են դրանով շատ հարցրերում սեփական անկարողությունը, գործարարները՝ սեփական ձախողումները, արվեստագետները և գիտնականները՝ տաղանդի բացակայությունը և անընդունակությունը, նույնիսկ սպորտի ղեկավարները՝ անհաջողությունները։ «Մենք փոքր երկիր ենք» արտահայտությունը դարձել է ունիվերսալ արդարացում նաև արտագաղթի պարագայում, երբ հայտարարվում է, որ սա այն երկիրը չէ, որտեղ կարելի է սեփական կարողությունները ցուցադրել։

Իմ կարծիքով, սա բացարձակ կեղծ մտայնություն է, որը ցույց է տալիս միայն, որ դրա հեղինակը չի հասկանում մեր երկրի էությունը և չի պատկերացնում ժամանակակից աշխարհի զարգացման տրամաբանությունը:

Հայաստանի զբաղեցրած 44 հազար քառ․ կմ տարածքը համեմատելի է Սլովակիայի, Էստոնիայի, Դանիայի հետ, մեծ է Հոլանդիայից, Շվեյցարիայից, Թայվանից, Բելգիայից։ Էլ չեմ խոսում, որ անհամեմատ մեծ է Իսրայելի և Սինգապուրի (որոնց մենք մշտապես փորձում ենք նմանվել) և Կատարից՝ երկրներ, որոնք այսօր համաշխարհային քաղաքականության առաջնային դերակատարներ են։ Իհարկե, դեմոգրաֆիական առումով խնդիրները մեծ են, սակայն, օրինակ՝ հայկական ֆուտբոլի պատասխանատուներին պետք է տեղեկացնել, որ աշխարհի երկակի չեմպիոն, աշխարհի լավագույն թիմերին տասնյակներով փայլուն աստղեր մատակարարող Ուրուգվայի բնակչությունը չի հասնում 3 ու կես միլիոնի։ Մենք նաև այդ դեմոգրաֆիական լրջագույն խնդիրը հնարավորություն ունենք որոշ չափով մեղմելու՝ սփյուռքի գործոնը արդյունավետ օգտագործելու դեպքում։

Բացի այդ, ժամանակակից աշխարհը՝ գլոբալացված աշխարհ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի, սոցիալական ցանցերի, գիտական շտեմարանների, բանկային անդրազգային թափանցելիության, գլոբալացվող քաղաքական ու հասարակական գործընթացների աշխարհում նույնիսկ տարածքով և բնակչությամբ ոչ այդքան մեծ երկրներն ունեն հսկայական հնարավորություն։ Ամբողջ ազգային ներուժի արդյունավետ օգտագործման, մեդիայի հետ ճիշտ աշխատելու, աշխարհի հետ իր լեզվով խոսելու դեպքում և, ամենակարևորը, սեփական ուժերին ու աշխատասիրությանը հավատալու պարագայում սահմաններն ու համեստ տնտեսական հնարավորությունների սահամնափակումներն ուղղակի անհետանում են։ Դրա ամենավառ ապացույցն էին անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հնչեղությունը, PixArt ընկերության և Triada-յի Shadowmatic-ի հաջողությունը, Հենրիխ Մխիթարյանի համաշխարհային հեղինակությունը և շատ այլ ավելի խորքային, բոլորի աչքերի համար անտեսանելի հաջողությունները վկայում են, որ Հայաստանը մեծ երկիր է, շատ մեծ երկիր։
Խնդիրը միայն փոքր ազգի, փոքր պետության բարդույթից ազատվելու և մեծ, համաշխարհային նախագծեր նախաձեռնելու համարձակության մեջ է։

 

Սուրեն Մանուկյան

Աղբյուրը՝ http://www.tert.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ