Ինչպես ստեղծվեց «Իսլամական պետությունը»

16 Հունվարի 2016

Տարբեր պատմություններ են հորինում Դաեշի առաջացման մասին, սակայն վերլուծաբանների մեծ մասն այն կապում է Իրաքի պատերազմի հետ: Դաեշն «Ալ Քաիդայի» հետնորդն է Իրաքում: Դրա արմատները պետք է փնտրել Սաուդիան Արաբիայի թագավորությունում:

Մ․Նահանգների երկու երկնաքերները խոցած 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդիան Արաբիայի քաղաքացիներ էին:

Սկսենք նախապատմությունից։ Բեն Լադենը Սաուդիան Արաբիայի հարուստ և ազդեցիկ ընտանիքից էր։ Նա դեռ երեխա էր, երբ ԽՍՀՄ-ը զորքերը մտցրեց Աֆղանստան։ Արդեն պատանի հասակից սկսեց մասնակցել խորհրդային բանակի դեմ մղվող ազատագրական պայքարին, անդամագրվեց նորաստեղծ «Ալ Քաիդա» կազմակերպությանը, որին հովանավորում էին Սաուդիան Արաբիայի իշխանության, ԱՄՆ-ի գաղտնի կազմակերպության՝ CIA և Պակիստանի գաղտնի կազմակերպության ներկայացուցիչները:

1990 թ․ ԱՄՆ հարձակվեց Իրաքի վրա։ Սաուդիան Արաբիայի թագավորությունը Մ․Նահանգների դաշնակիցն էր և դիմավորեց ու իր հողում տեղակայեց ԱՄՆ-ի զինվորներին: Բեն Լադենը դեմ էր թագավորության այդ որոշմանը, ընդդիմացավ ու դարձավ թագավորության թշնամին: Այսպիսով, «Ալ քաիդան» ԽՍՀՄ հակառակորդից վերածվեց հակաամերիկյան խմբավորման:

2003 թվականին Մ․Նահանգները գրավելով Իրաքը, իշխանությունը տվեց շիաներին, ինչը արաբական աշխարհում սուննի իսլամականների բարկության պատճառ դարձավ: Նրանք վրդովված էին նաև այն բանից, որ Իրանի ազդեցությունը այդ տարածաշրջանում մեծանում էր: Այս խնդիրը հող նախապատրաստեց սուննիաբնակ տարածաշրջաններում «Ալ Քաիդայի» զարգացման համար, միևնույն ժամանակ արդեն նկատվում էր շիաների դեմ թշնամական գաղափարախոսության զարգացում «Ալ Քաիդայի» ներսում: Հակաշիական աղանդավորությունը հիմնական մասնիկն է Սաուդիան Արաբիայի գաղափարախոսության, որը կոչվում է «Վահաբիաթ»: Այսպիսով, «Ալ Քաիդայի» ուսմունքը Սաուդիան Արաբիայի թագավորության պաշտոնական գաղափարախոսությունն է դարձել, իսկ «Ալ Քաիդայի» գործողություններն ուղղված են և՛ ԱՄՆ-ի կողմից Իրաքի զավթման դեմ՝, և՛ Իրաքի շիաների դեմ:

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրաքում «Ալ Քաիդան» սկսեց զարգանալ։ Բուշն այն կարծիքին էր, որ Սադամ Հուսեյնն է «Ալ Քաիդան» ստեղծել, սակայն դա ճիշտ չէ, որովհետև Իրաքի գրավման ժամանակ այդ կազմակերպությունը որևէ գործողություն չէր իրականացնում Իրաքում: Իրաքի գրավումից հետո «Ալ Քաիդան» ոչ միայն հանդես եկավ որպես կազմակերպված հզոր ուժ Իրաքում, այլև կարողացավ որոշ տարածքներ գրավել: «Ալ Քաիդան» օգտվում էր Սադամ Հուսեյնի ռեժիմի անվտանգության գործակալության նախկին անդամների աջակցությունից: Նրանց ատելությունը շիաների նկատմամբ պատճառ դարձավ, որ Սադամ Հուսեյնի հավատարիմ մարդիկ միանան «Ալ Քաիդային»: Այս կազմակերպությունը 2006 թվականին իրեն հռչակեց որպես «Իրաքի իսլամական պետություն»:

Այդ թվականից ԱՄՆ-ն իր մարտավարությունը փոխեց ու սկսեց ուժեղացնել սուննի արաբական ցեղերին, նրանց տալով զենք և փող: ԱՄՆ-ին հաջողվեց մի կողմ նետել «Իրաքի իսլամական պետության»-ը և գրավել Իրաքը, սակայն ամբողջովին ոչնչացնել չկարողացավ:    

Նրանց վերադարձը կարելի է կապել երկու խնդրի հետ, նախ՝ 2011 թվականին Ամերիկայի զինվորները պարտված հեռացան Իրաքից, իսկ այդ երկիրը մասնատված մնաց ավելի շուտ Իրանի ազդեցության տակ: Մալեքի իշխանությունը, որին հովանավորում էր Իրանը, ցեղային ծայրահեղական մոտեցում ցուցաբերեց և ավելի սրեց սուննիների ու շիաների միջև հակամարտությունը:

2012 թվականին Իրաքի սուննիները փորձեցին խաղաղ ճանապարհով որոշ պահանջներ ներկայացնել, սակայն Մալեքի իշխանությունը դրականորեն չարձագանքեց դրանց, ինչն էլ պատճառ դարձավ, որ գլուխ բարձրացնի «Իրաքի իսլամական պետությունը»:

2011 թվականին Սիրիայի բանակից սկսեցին մի շարք զինվորներ փախչել, ինչը հող նախապատրաստեց Բաշար Ասադի իշխանության դեմ դիմադրություն սկսելու, իսկ մեկ տարի անց՝ 2012 թվականին այն վերածվեց ներքին պատերազմի: Այս առիթն օգտագործելով «Իսլամական պետության» մնացորդները ներթափանցեցին Սիրիա և «Ալ Քայիդայի» մասնաճյուղ ստեղծեցին՝ «Նոսրաթի ճակատ» անվամբ։ Հետագայում նրանցից բաժանվելով, ստեղծեցին Իրաքի ու Սիրիայի «Իսլամական պետություն», որն արաբերենով կոչվում է Դաեշ։

Կասկածներ կան, թե իբր Սիրիայի իշխանությունը օգնում էր Դաեշին՝ Իրաքում զարգանալու համար, որպեսզի ցույց տան, որ Սիրիայի և Իրաքի իշխանությունների այլընտրանքը ծայրահեղական իսլամիստներն են՝ Դաեշը: Սակայն 2007 թվականին Բաղդադի ու Իրանի ազդեցության ներքո Սիրիան հրաժարվեց այդ քաղաքականությունից:

Դաեշը հիմնականում ինքն է ապահովում իր ծախսերը՝ գրավելով նավթային կենտրոններ ու նավթ վաճառելով Թուրքիային ու Ասադի իշխանությանը: Նրանք առգրավել են նաև գրաված քաղաքների բանկերի գումարները, մեծ գումարներ են ստանում նաև Պարսից ծոցի արաբական երկրներից:

Դաեշին հնարավոր չէ վերացնել միայն գաղափարական պայքար մղելով։ Պետք է վերջ տրվեն բոլոր այն քաղաքական ու տնտեսական պայմաններին, որոնք հող են պատրաստում Դաեշի առաջացման ու զարգացման համար:

 

Պատրաստեց Գայանե Համբարչյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ