Ջոն Բելամի Ֆոսթեր․«Լիբերալների վերջին հույսը ևս հուսալի չէ»

05 Հունվարի 2016

Որոշ լիբերալներ կարծում են, թե կապիտալիստական զարգացած երկրներում նեոլիբերալիստական իշխանություններն ունակ են որոշակի ճգնաժամեր հաղթահարելու, և օրինակ են բերում 2008 թվականի ճգնաժամը։ Գիտենք, որ ճգնաժամերին իշխանությունը միջամտում է և ֆինանսավորում, որպեսզի տնտեսության փլուզման դեմն առնի, մինչդեռ, ըստ լիբերալիզմի հիմունքների, պետությունը չպետք է միջամտի լիբերալ կապիտալիստների գործերին: Սակայն իշխանությունն իր գոյատևման մասին է մտահոգվում: Այսպիսով «ֆինանսավորումը» (Finantialization) լիբերալների վերջին զենքն է՝ պահպանելու շահագործող կապիտալիստական համակարգը: Այդ մասին լավ տեղեկություն ունենալու համար, հարկ համարեցինք անդրադառնալ Մ․Նահանգներում հրատարակվող «Monthly Review» ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթերի տեսակետներին:

Ֆոսթերը երկար տարիներ Մ․Նահանգներում հայտնի «Monthly Review» ամսագրի խմբագիրն է եղել, բազմաթիվ հոդվածներ է գրել: Նրա վերջին գիրքն «Անվերջ ճգնաժամ» է վերնագրված, սակայն հեղինակն այդ գիրքը սիրում է անվանել «Անդադար ընկճվածության թակարդ»: Այդպիսի օրհասական վիճակում հայտնվել են շատ երկրներ, օրինակ՝ Անգլիան և Ամերիկան: Այդ երկրները կախման մեջ են «ֆինանսական աճի փուչիկներից», որոնք արդեն պայթել են և անորոշ ժամանակով մնալու են քրոնիկ ճգնաժամի մեջ: Այդ գրքում խոսվում է նաև սոցիալ- դեմոկրատիայի ճգնաժամի մասին: Ըստ դրա, տարբեր տեսանկյուններից հասել ենք սոցիալ- դեմոկրատիայի զարգացման ավարտին: Սոցիալ-դեմոկրատիան այլևս չի կարողանում աճել, աճի զարգացման և վերաբաշխման առավելությունների խոստումներ չի կարողանում տալ: Արդեն ոչ թե աճը, այլ անկումն է օրակարգային դարձել: Ֆոսթերի կարծիքով, այդպիսի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն իրենց վերագտնեն, իրենց կապերը ավանդական դաշնակիցների հետ վերահաստատեն ու ժողովրդի մեծամասնության մոտ, ովքեր էլիտար խավի աշխատանքների հետևանքով զրկվել են իրենց իրավունքներից, նոր քաղաքական գիտակցություն ձևավորեն:      

Այն, ինչ պատահեց 2007 և 2008 թվականներին, ժողովուրդը գնահատում է որպես ճգնաժամ: Սակայն կարևոր հարցը զարգացման աճ ունեցող տնտեսություններում տնտեսական անկման հակում ունենալն է և գնաճի երկարատև լինելը: Մեր խոսքը ֆինանսավորման մասին է, այսինքն՝ ականատես ենք եղել ֆինանսավորման փուչիկների, որոնց շնորհիվ, իբր, իշխանությունները մի քանի տասնամյակում ուժեղացնում էին տնտեսությունը: Այժմ արդեն ամեն ինչ լավ հասկանում ենք, բայց մի քանի տարի առաջ դա լավ չէր գիտակցվում: Չնայած ֆինանսական զարգացումն այդ ժամանակահատվածում ուժեղացնում էր տնտեսությունը, սակայն ֆինանսական փուչիկները միշտ սահմանափակումներ էին կիրառում: Ֆինանսական փուչիկները երբ պայթում են, իշխանությունը հանդես է գալիս որպես վերջին հարկ տվող, և հարկերն ու կանխիկ գումարներն առատորեն բաց է թողում, որպեսզի ֆինանսական համակարգը կարողանա շարունակել իր աշխատանքը: Սակայն իշխանությունը չի կարողանում ենթակառուցվածքների համար, որ նույն անկումն է ապրում, որևէ բան անել: Այս երևույթն անվանում ենք «Անդադար ընկճվածության կամ անկման թակարդ», որովհետև ֆինանսավորումն անկման հակազդեցությունն է, որի հետևանքով առաջանում են ավելի մեծ դժվարություններ ու բարդություններ, և ի վերջո, հասնում ենք մի իրավիճակի, որի դեպքում առաջ գնալ այլևս հնարավոր չի լինում:    

Որո՞նք են անկման արմատները: Այս հարցին պատասխանելու և ֆինանսավորման երևույթը լավ հասկանալու համար պետք է հետհայացք կատարենք դեպի անցյալ: Անցյալում «մեծ ճգնաժամ» է տեղի ունեցել, որից դուրս ենք եկել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պատերազմից հետո իրավիճակը լավ էր, որովհետև տնտեսությունն ավելի լավ էր կազմակերպվում, իսկ դրա հիմնական պատճառներն էին՝ պատերազմից հետո Ճապոնիայի ու Եվրոպայի տնտեսությունների վերակառուցումը, կանխիկ մեծ գումարների առկայությունը տնտեսության մեջ, քանի որ պատերազմի ընթացքում սպառողները գնումներ չէին կարողանում կատարել, իսկ պատերազմից հետո նրանց գնումներ կատարելու կարողությունը բարձրացավ, ավտոմեքենաների մեծ սպառումը, սառը պատերազմի ժամանակ սպառազինության զարգացումը: Այս ամենը տնտեսությունը որոշ ժամանակ զարգացրին: Սակայն 70-ական թվականներին սկսվեց ճգնաժամ և տնտեսության զարգացումը դանդաղեց: 70-ական թվականներին աճն ավելի քիչ էր, քան 60-ական թվականներին, իսկ 80-90-ական թվականներին ավելի քիչ, քան 70-ականներին:

Ներկա տասնամյակի աճն ավելի քիչ է, քան 90-ականներին և թվում է, թե անկումը շարունակվելու է: Վերոհիշյալ երևույթները Մ․Նահանգներում, Եվրոպայում ու Ճապոնիայում իրականություն են: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ ճգնաժամի կամ տնտեսության անկման դժվարություն ունենք, որը ներկայումս ավելի է բարդացել:  
Այս ճգնաժամը շարունակվում է, որովհետև չենք կարողանում ֆինանսավորումից գործնականորեն լավ օգտվել և այլ ճանապարհ կամ ելք չգիտենք, որպեսզի ներկա պայմաններում տնտեսական համակարգը երկարատև զարգացման մղենք:

Պրն Հայման Մինսկին այն տեսաբաններից է, որ կարևորում է ֆինանսավորումը՝ տնտեսական աճը պահպանելու համար: Բելամի Ֆոսթերը որոշ ժամանակ նրա հետ համաձայն էր, սակայն արդեն իր մոտեցումները փոխել է և այլ կերպ է մտածում:  

Հայմեն Մինսկին 60-ական թվականների սկզբին ֆինանսական ճգնաժամի տեսություն ստեղծեց։ Նա սոցիալիստ էր և անկման կամ ենթակառույցների դասակարգային դինամիկային ուշադրություն չէր դարձրել: Նա ֆինանսական ճգնաժամից դուրս գալու մի պարզ ու թափանցիկ տեսություն ուներ, ըստ որի ֆինանսական համակարգը ժամանակի ընթացքում ավելի անկայուն է դառնում, որովհետև ինչքան ավելի շատ են վարկեր առաջանում, այնքան նվազում է համակարգի որակը, ավելի ճիշտ՝ շահարկումները շատանում են ու շահարկումային բնույթ է ձեռքբերում համակարգը: Ընդհանուր համակարգը հայտնվում է փլուզման եզրին, իսկ իշխանությունը՝ որպես վերջին վարկ տվող, ասպարեզ է գալիս:

Մինսկի կողմնակիցները գտնում են, որ պետք է սահմանափակել ֆինանսական բաժնի դերը: Այն ժամանակ կարելի է աճ ունենալ և վերականգնել տնտեսությունը: Իսկ Ֆոսթերն այն կարծիքին է, որ նման բան տեղի չի ունենա և խոսում է անվերջանալի ճգնաժամի մասին: Անվերջանալի ճգնաժամը Ֆոսթերն այսպես է հիմնավորում․ իշխանությունները և կենտրոնական բանկերը չեն կարողանում ֆինանսական համակարգը կարգավորել ու կանոնակարգ որոշել մի հիմնական պատճառով, քանի որ համարում են, որ դա տնտեսական անկման ենթակառույցների խնդիրն է: Ֆինանսական համակարգի զարգացումը և վարկի ու արժանահավատության ընդհանուր կառույցի զարգացումը, տնտեսական ավելցուկից օգտվելու մի ճանապարհ է, որը չի օգտագործվում արդյունաբերական կապիտալիզմում: Փոխարենը այդ ավելցուկը ներդրվում է շահարկումների մեջ և, իր հերթին, հարստության ազդեցություն է ստեղծում, որը իսկական տնտեսության համար համարվում է երկրորդական դրդապատճառ:

Տնտեսության վերածումը ֆինանսավորման ձևի օգնում է կապիտալիստական զարգացած տնտեսություններին ցածր գներով շարունակել իրենց աճը: Այս տնտեսությունների դժվարությունն այն է, որ երբ ֆինանսական զարգացումը դանդաղում է, իշխանությունները հասկանում են, որ գոյություն ունի խաբեություն: Հասկանում են, որ իրենց վերահսկողությունից դուրս է տնտեսությունը, հասկանում են, որ շահարկումներ են լինելու և ի վերջո խաբեությունն ի հայտ է գալու:

Օրենսդիր մարմինն ի՞նչ կարող է անել․ կարող է շահարկումների համար սահմանափակումներ նշանակել, իսկ այդ դեպքում տնտեսությունը ճգնաժամի մեջ կհայտնվի: Ոչ մի իշխանություն չի ցանկանում իր ղեկավարման տարիներին ճգնաժամ լինի և ամեն ինչ անում է ճգնաժամից խուսափելու համար:  

Իշխանությունները նման իրավիճակում չեն կարողանում կայունություն ստեղծել, որովհետև վախենում են, որ մեծ ընկերությունները սնանկացման կհասնեն: Նման պայմաններում միակ գործը, որ իշխանությունները կարող են կատարել այն է, որ լավ վերաբերվեն կապիտալ ներդրողներին, իսկ միակ հույսն այն է, որ երբ խաբեությունն ի հայտ գա, նրանք այլևս իշխանության ղեկին չեն լինի: Համակարգն այդպես է աշխատում ոչինչ չի կարող նրան զսպել։

Նման «փուչիկների» գոյացումը և ոչնչացումը բնորոշ է ֆինանսա-մոնոպոլիստական զարգացած կապիտալիզմին: Այդ երևույթները, մեծ մասամբ, այն ժամանակ են պատահում, երբ կապիտալի կուտակումը արդյունաբերության բաժնից տեղափոխվում է ֆինանսական բաժին: Այս պայմաններում մենք գործ ունենք հզոր ֆինանսատերերի հետ, որոնց ձեռքում է ասպարեզը և հենց այս վիճակը դժվարությունների լուծումն ավելի է բարդացնում:

Մենք չենք ասում, որ իմպերիալիստական համակարգը կփլուզվի ճգնաժամի հետևանքով, սակայն ճգնաժամն ու փլուզոււմը նմանվում են մի տորթի, որը չի մեծանում: Որպեսզի կապիտալը կարողանա պահպանել իր շահը և կուտակվի, կապիտալի տերերը այդ տորթի մեծ բաժիններն են վերցնում և դա նշանակում է, որ փոքր մասերը հասնելու են մյուսներին և անհավասարությունը մեծանալու է: Համակարգը կաղալու է, ագրեսիան մեծանալու է, սակայն տնտեսության փլուզում չի լինելու: Միգուցե փուչիկների պայթելն անհարժեշտ է, որպեսզի ժողովուրդը գիտակցի աղետի խորության մասին և աստիճանաբար պահանջի այլ համակարգ:

Կենսամթնոլորտային ճգնաժամը կարող է արագացնել այս ընթացքը: Կենսամթնոլորտային հարցերը լուծելու համար դեռ ժամանակ ունենք և եթե աշխատանք չտարվի՝ անդառնալի փոփոխություններ կկատարվեն մեր մոլորակի հետ: Պետք է հիմնովին փոխվեն հասարակական հարաբերությունները: Սա անհարժեշտություն է: Մենք կարիք ունենք այլ տեսակի հասարակության: Հատուկ ծրագիր գոյություն չունի դրա կառուցման համար, սակայն մենք պետք է դա կառուցենք:

 

Գուրգեն Հովհաննիսյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: