Գիրք՝ Արևմտյան դաշնագրի հարձակողական քաղաքականության մասին

25 Դեկտեմբերի 2015

Գերմանացի գրող և հրատարակիչ Վոլֆգանգ Բիթները 2014 թվականի հոկտեմբեր ամսին Ուկրաինայի դեպքերի առիթով մի գիրք է հրատարակել՝ «Եվրոպայի գրավումը Ամերիկայի կողմից» վերնագրով: Որոշ ժամանակ անց հեղինակը ևս 45 էջ ավելացնելով՝ վերջերս այդ գիրքը վերահրատարակել է, այն մեծ հաջողություն է ունեցել: Գրքում լավ ներկայացված են վարագույրի հետևում Ուկրաինայի դեպքերի զարգացումները, տհաճ հետևանքները և արևմտյան դաշինքների հարձակողական քաղաքականությունն ու տնտեսական պատժամիջոցները:

Հեղինակն անդրադառնում է Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի նկատմամբ ՆԱՏՕ-ի և Ամերիկայի ռազմավարությանը: Անդրադարձ կա նաև Ուկրաինայի 2014 թվականի փետրվարյան հեղաշրջումից հետո երկրի անկայուն և տատանվող իրավիճակին: Նա մեջբերումներ է կատարում հայտնի քաղաքագետների ու գիտնականների ասույթներից, նաև Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի, Ջոն Բայդենի ու Զբիգնև Բժեզինսկու և Ջորջ Ֆրիդմանի մտքերից, որոնք պարզորեն խոսում են Ուկրաինայի հարցի մասին:

Գրքի հեղինակն անդրադառնում է արևմուտքի ագրեսիվ քաղաքականության հետևանքներին, հատկապես Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Նա այդ կապակցությամբ մեջբերումներ է կատարում Գերմանիայի «Բերմեն» նահանգային բանկի տնօրեն Ֆոլկլեր հեր Մայերից․ «Այս գործի վնասները շատ ավելի մեծ են, քան վիճակագրական տվյալները, որ ներկայացվում են: Եթե անդրադառնանք այն վնասներին, որ մինչ այժմ եղել են, պետք է ասել, որ 2014 թվականին Գերմանիայից արտահանումը մոտ 18 տոկոս է եղել, իսկ 2015 թվականի առաջին երկու ամիսներին ավելի քան 34 տոկոս, որը տարվա կտրվածքով ժամանակավոր ցուցանիշ է: Գոյություն ունեն նաև կողմնակի այլ վնասներ: Մոսկվա-Պեկին առանցքը Շանհայ և Բրիկս անդամ երկրների համագործակցության շրջանակներում նախատեսում է հսկայական ծրագիր աշխարհի ժամանակակից պատմության մեջ, որի մի մասն է կազմում ներգրավել Եվրասիան՝ Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ, մինչև Հնդկաստանի ու Չինաստանի հյուսիսային սահմանները»:

Եվրոպայի քաղաքագետների անհեռատեսությունն ակնհայտ է։ Նրանք չեն կարողանում տեսնել այն հսկայական վնասները, որոնք հետագայում անդրադառնալու են իրենց: Իրականությունն այն է, որ զարգացող երկրներն աշխատում են ձերբազատվել Ամերիկայի չար իշխանությունից: Հեր Մայերի համար այս բախումների արդյունքը պարզ է՝ հաղթանակ է տանելու Պեկին-Մոսկվա-Բերիկս առանցքը:  

«Այժմ Եվրոպան այնպիսի վտանգավոր բախումների մեջ է մտել, որի հեղինակը և ստեղծողը Ամերիկան է, իսկ Եվրոպան պատրաստ չի եղել և չէ, որ համագործակցի, այդ իսկ պատճառով իր զարգացման հնարավորությունը կասեցվել է: Մենք ինչքան շատ հետևենք այս քաղաքականությանը, այնքան ավելի շատ ենք տուժելու, և ոչ ոք մեզ որպես բանակցող կողմ լուրջ չի ընդունելու», ասել է Մայերը:

Տնտեսագետներն ու ֆինանսիստները նույնպես զգուշացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և ագրեսիվ քաղաքականության վտանգի մասին։ Օրինակ՝ Մաթիաս Վեսթմենը, ով կապիտալ ներդնող է, «Ֆոկուս Մանի» ամսագրում տպագրված իր հոդվածում գրում է․ «Հիմա արծարծվում է այն հարցը, թե ի՞նչ պայմաններով է հնարավոր պատժամիջոցները վերացնել, արդյո՞ք միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային։ Եթե պայմանը սա է, ուրեմն պատժամիջոցները հավիտենական են լինելու... Ռուսներն այն կարծիքին են, որ արտասահմանյան ուժերի հովանու ներքո Ուկրաինայում հեղաշրջում է կատարվել, որը վտանգել է Ռուսաստանի կենսական շահերը, Ուկրաինայում բնակվող ռուսալեզու քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը, որի հետևանքով ստիպված են եղել հակազդելու»:

Բժեզինսկին այն կարծիքին էր, որ Եվրասիական տարածաշրջանն այն վայրն է, որտեղ աշխարհին տիրանալու պայքարն է ընթանալու: Եվ Ամերիկայի մենիշխանությունն աշխարհի վրա կախված է այն բանից, թե, արդյոք, կարող է ոչնչացնել մրցակիցներին այդ տարածաշրջանում: Ամերիկայի հանրապետականների վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար, արմատական Ջորջ Ֆրիդմանը 2015 թվականի փետրվարի 4-ին Չիկագոյի համաշխարհային հարցերի խորհրդում ասել է, որ․ «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն անցյալ տասնամյակներում և Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների և սառը պատերազմի ժամանակներում միշտ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ու Գերմանիայի հարաբերությունների վրա: Նրանք միասին այն ուժն են, որը կարող է մեզ սպառնալ: Մեր հիմնական նպատակը նրանցից սպասվող սպառնալիքը չեզոքացնելն է եղել: Ռուսաստանի շուրջ ստեղծելով անվտանգության գոտի, կարելի է այդ երկու երկրների մերձեցման դեմն առնել»:    
Ջորջ Ֆրիդմանի խոսքերից պարզ է դառնում, որ․ «Ամերիկան, ըստ իր հիմնական շահերի, աշխարհի բոլոր օվկիանոսներն իր հսկողության տակ է առել, ինչը պատմության ընթացքում ոչ մի ուրիշ ուժ չի կարողացել անել: Այդ իսկ պատճառով մենք ամբողջ աշխարհում, ժողովուրդների ու ազգերի գործերին միջամտում ենք: Իսկ նրանք չեն կարող մեր վրա հարձակվել»:

Գրքի հեղինակը վերջում եզրակացնում է, որ․ «Ամերիկայի միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի զեկուցման մեջ երբ կարդում ենք, որ մարտավարական զենքերի սահմանափակ օգտագործումը հնարավոր է, հասկանում ենք, որ խելագարության սահմաններն անց ենք կացել: Այս տեսակետը ծրագրման փուլում է: Իսկ սառը պատերազմում, որ ներկայումս ընթանում է, գործնականում իրավիճակն ավելի սրելու փուլին ենք հասել»։

2015 թվականի սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի ատոմական նոր ռազմավարական շրջանակներում ամերիկացիները Լատվիայի Հանրապետության վրա փորձնական ռումբեր են գցել և հաստատել են ատոմային ռումբերի տեղադրումը Ուկրաինայում: Ներկայիս մտահոգիչ և վտանգավոր հարցը Ամերիկայի ու ՆԱՏՕ-ի ռազմատենչ, գրգռիչ ու միջուկային անպատասխանատու քաղաքականությունն է:

 

Պատրաստեց Ռայմոնդ Հակոբյանը

Սկզբնաղբյուրը՝ www.nachdenkseiten.de

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: