Ազգերի ինքնորոշման իրավունքը և նրանց միասնության հարցը

13 Նոյեմբերի 2015

Ազգային հարցի լուծումը եթե պետք է կատարվի դեմոկրատիայի ու հավասարության հիման վրա, և դա համարվի սոցիալիստական ռազմավարության օղակներից մեկը, ապա հարց է առաջանում՝ մի երկրում, որտեղ գոյություն ունեն տարբեր համայնքներ, որոնք մշակութապես ու էթնիկապես տարբեր են, բայց իրենց մեկ ազգ են համարում, արդյոք պետք է  նախ կազմեն իրենց ազգային իշխանությունը, որից հետո քայլ կատարեն դեպի հավասարություն՝ մնալով նույն երկրի կազմում: Արդյոք այսօրվա պետությունները պետք է բաժանվեն ըստ ցեղի, լեզվի և մշակույթի: Արդյոք ազգերի ինքնորոշման իրավունքը հենց այդպիսի ռազմավարություն է նշանակում:   

Վերոհիշյալ հարցերին կարելի է այսպես անդրադառնալ, որ կապիտալիզմը մի ինտեգրող համակարգ է, որն աշխատում է անհավասարության, նացիոնալիզմի  ու պատերազմների միջոցներով, ինչպես նաև ազատ շուկայի ու իր շահերի թելադրանքով ազգերին միաձուլել:

Սոցիալիզմի ինտեգրացման հակումներն ավելի ուժեղ են, քան կապիտալիզմինը, և այս աշխատանքը գիտակցաբար դնում է իր գործունեության օրակարգում: Սոցիալիզմի գաղափարախոսության մեջ մարդկանց հարաբերակցությունը և մարդկային էությունն ավելի բարձր է գնահատվում, քան դասակարգային հարաբերակցությունը, իսկ դասակարգային հարաբերակցությունն ավելի բարձր է դասվում, քան ազգային հարաբերակցությունը, միևնույն ժամանակ ազգային հարաբերակցությունը գերադասվում է ցեղային, կրոնական, արյան ու նմանատիպ հարաբերակցություններից: Այդ իսկ պատճառով սոցիալիզմն իր օրակարգում մտցնում է տարբեր տեսակի ճնշումների ու խտրականության (դասակարգային, սեռի, ազգային, ցեղային, կրոնական և այլն) դեմ պայքարը: Այսպիսով, սոցիալիզմը հակառակ կապիտալիզմի, չի կարող կողմ լինել պետությունների բաժանմանը և ազգերի տարանջատմանը, կարող է միայն, որոշ դեպքերում, կողմնակից լինել մասնակի բաժանումների, որոնք հնարավոր է նպաստեն ազգի միասնականությանը, զարգացմանը և դասակարգային ճնշումների վերացմանը: Նախկինում կոմունիստների սխալներից մեկն այն է եղել, որ չեն զբաղվել այս բացառիկ երևույթներով, և այդ բացթողումից օգտվել են ազգայնամոլները, խնդիրները հասցրել են արյունահեղության ու ցեղասպանությունների:   

Եթե յուրաքանչյուր ցեղ կամ ազգ, որ մեկ լեզվով է խոսում, առանձին պետություն ունենալու ցանկություն ունենա, ապա աշխարհում կգոյանա ավելի քան 8000 պետություն: Տնտեսապես անհնար է դա իրականանալի համարել, քանի որ միայն այդքան պետությունների կրթադաստիարակչական ծախսերն այնքան կլինեն, որ մարդկությունն իր բոլոր ռեսուրսներով չի կարողանա դրանք ապահովել: Բացի դա,  այլ նյութական ծախսերը և հնարավորությունների բացակայությունը այնքան մեծ  կլինեն, որ մարդկությունը չի կարող դրանց տակից դուրս գալ և ծայրաստիճան  կնվազի տնտեսական զարգացումը:

Այդպիսի գործընթացը մարդկության համար վերադարձ կլինի դեպի հետամնացություն: Բացի դա, պետությունների միջև ռեսուրսների գոյության մակարդակը շատ կտարբերվի։ Ազգերի հավաքականությունը մեկ տարածության մեջ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում այդ ազգերի զարգացման և առաջխաղացման համար:  

Ներկա պայմաններում պատմությունը ցույց է տալիս, որ աղքատ երկրների ժողովուրդները, որոնք տարանջատվել են նախկինում միասնաբար ապրող այլ ժողովուրդներից, ավելի են աղքատացել, օրինակ՝ Սլովակիան Չեխոսլովակիայի համեմատ, կամ Բելառուսը Ռուսաստանի համեմատ։ Այս երևույթը կարելի է տեսնել նաև Խորհրդային Միությունից անջատված որոշ նորաստեղծ հանրապետություններում:

Կապիտալիստական մեծ պետությունները նույնպես չեն ցանկանում ժողովուրդներին տարանջատել, որպեսզի հեշտ կարողանան նրանց իշխել: Երբեմն, իրար դեմ թշնամացնելով, աշխատում են նրանց ծառայեցնել իրենց իմպերիալիստական տնտեսական շահերի համար:

Տարբեր ազգերի միասնաբար ապրելը մեկ ընդհանուր պետության կազմում՝ որպես մեկ միասնական ժողովուրդ, նպաստում է, որ այդ ժողովուրդը տնտեսապես բարվոք վիճակում ապրի և կենսամակարդակը բարձր լինի: Այստեղ կարևորն այն է, որ այդ երկրի բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնից, ազգից կամ ցեղից, ունենան հավասար քաղաքացիական իրավունքներ: Պետք է ընդունել, որ ժողովուրդների տնտեսական առաջխաղացումը չի խրախուսում ազգերի բաժանումը, սակայն հարց է առաջանում, թե նման մոտեցումը, արդյոք, սահմանափակում է ազգերի ինքնորոշման իրավունքը, դեմոկրատիան և արդարությունը:

Սոցիալիստական գաղափարախոսությունը կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգային միասնականացում չպետք է մշուշի մեկ այլ ազգի լեզուն ու մշակույթը, և եթե ազգերի միացում է տեղի ունենալու, ապա դա պետք  է կատարվի տվյալ ազգերի ցանկությամբ ու բնական ճանապարհով: Սոցիալիստական մոտեցումն ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքը՝ մինչև առանձին պետություն կազմավորելը։ Այս սկզբունքի հակառակ  գործընթացը հանգեցնելու է բռնապետության ու դիկտատուրայի, որտեղ ազգերին ուժով ու հալածանքներով պահելու են մյուս ազգերի հետ և, ամենայն հավանականությամբ, մեծաքանակ ազգի հեգեմոնիայի ներքո: 

Շատերի մոտ հակասական հարցեր կարող են առաջանալ, օրինակ՝ պետք է պաշտպանել տնտեսական զարգացման շահերը, թե՞ դեմոկրատիան, պետք է պաշտպանել տնտեսական տրամաբանական զարգացումը, թե՞ ազգի ինքնորոշման ճակատագիրը, նման պայմաններում դեմոկրատիայի դիրքերից պաշտպանելը չի՞ նշանակում, արդյոք, ազգերի տարանջատում և արգելք երկրի  տնտեսական շահերի համար, ո՞ր ուղին պետք է ընտրել՝ տնտեսական զարգացում, թե՞ դեմոկրատիա:

Վերոհիշյալ հարցերը հաճախ առաջ են գալիս սոցիալիզմի հակառակորդների, երբեմն նույնիսկ որոշ սոցիալիստների մոտ։ Այդ հարցերը կարոտ են ճիշտ մոտեցման ու սոցիալիստական գաղափարախոսության ճիշտ պատասխանի։

 Քաղաքակրթության զարգացման ընթացքում ազգերի ինտեգրումն անհրաժեշտ է: Սա մի իրականություն է, որ պատմության ընթացքում հաստատվել է: Ցեղերի և ազգերի միաձուլումը և ինտեգրումը, ինչպես նաև քաղաքակրթությունների ու մշակույթների ինտեգրումը՝ ճիշտ կամ սխալ ընտրության ձևերով, կապիտալիստական ճնշումների հետևանքով, ազգերի կամեցողությամբ կամ պարտադրված ձևերով, բնական, ուղղակի կամ անուղղակի միջոցներով տեղի են ունեցել: Պատմությունը լի է այնպիսի փաստերով, որ տարբեր ցեղեր ու ազգեր իրենց անվտանգության ու տնտեսական շահերի բերումով մի ընդհանուր երկրում հավաքվել ու ընդունել են մեկ լեզու՝ որպես իրենց երկրի ազգային լեզու։ Այդպիսի երկրներում տարբեր ազգերը ձուլվել են միմյանց և կազմել մի ընդհանուր երկիր, որը համարել են այդ բոլոր ազգերի ու ցեղերի համաձուլվածքի հայրենիքը:

Այդ գործընթացը հաճախ բխել է որևէ տրամաբանությունից: Եթե այդ ինտեգրումը կամավոր և բնական չի եղել, դժբախտաբար կիրառվել են հալածանքներ որոշ ազգերի նկատմամբ: Այս դեպքում պարզ է, որ միշտ փոքր և թույլ ազգերն են ենթարկվել մեծ և ուժեղ ազգերի հալածանքներին ու ճնշումներին: Օրինակ՝ Ղարաբաղի ժողովուրդը հալածանքի և ուժի կիրառման հետևանքով է, որ երկար տարիներ մնացել  է Ադրբեջանի կազմում, այդ միացումն անբնական է եղել, այդ իսկ պատճառով, երբ հնարավորություն է ստեղծվել՝ ղարաբաղցիները աշխատել ու ցանկացել են դուրս գալ այդ անբնական ինտեգրումից:

Սոցիալիստական գաղափարախոսությունը հայտարարում է, որ մարդկային բոլոր խմբերը, լինեն՝ սև, սպիտակ, հետամնաց կամ զարգացած, իրավունք ունեն իրենց ճակատագիրն իրենք որոշելու, նրանց իրավունքն է՝ անկախ պետության սահմաններում ապրել, թե՞ որևէ ազգի կամ ազգերի հետ միասին:

Կապիտալիստական համակարգը հաճախ չի հարգել ու չի հարգելու ազգերի այդ  իրավունքը, հատկապես փոքր ու թույլ ազգերի, քանի որ կապիտալիստները ուղղորդվում են իրենց տնտեսական շահերով։ Այնպես որ, մենք՝ որպես հայ ժողովուրդ անցյալից ու Արևմտյան Հայաստանի դառը ճակատագրից դաս քաղելով, չպետք է մեր հույսը կապենք որևէ կապիտալիստական երկրի հետ Արցախի ճանաչման հարցում: Նրանք հաճախ ինքնորոշման իրավունքը ճնշելու համար կիրառել ու կիրառելու են զենք ու հալածանքներ: Նրանք այս վայրագությունները հաճախ կարող են կատարել «Մարդու իրավունքները պաշտպանելու» և «Քաղաքակրթությունը զարգացնելու» կեղծ պատրվակներով: Այդպիսի զարգացումները բռնությամբ չեն  իրականացվում, դրանք պետք է բնական հունով ընթանան:   

Թուրքիայի կապիտալիստական համակարգի մոտեցումն իր երկրի փոքր ազգերի հանդեպ, հատկապես քրդերի նկատմամբ, կապիտալիստական վայրի քաղաքականության նմուշներից է: Թուրքիայի իշխանությունն ուզում է ուժի կիրառմամբ, քրդերին հալածանքի ենթարկելով ստիպել, որ նրանք թուրք համարեն իրենց և ինքնորոշվելու իրավունք չունենան: Թուրքիայում միակ քաղաքական ուժը, որ պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, սոցիալիստներն են։

Սոցիալիստների ռազմավարական առաքելությունն այն է, որ կարողանան հավասարակշռություն ստեղծել տնտեսական զարգացման ու առաջխաղացման, հասարակական արդարության ու դեմոկրատիային հասնելու պայքարում:   

Երբ աշխարհը բաժանված է երկրների, ազգերի, երբ աշխարհում կապիտալը և ուժը վերջին որոշիչ խոսքն է  ասում, երբ կենդանական ու բուրժուկան տրամաբանության հիման վրա ուժեղ ազգերը կուլ են տալիս թույլերին և կապիտալի համաշխարհայնացումն է առաջ մղվում, իսկ ազգերի համախմբումը և միացումը բռնությամբ ու շահագործման միջոցով է կատարվում, ազգերի ճակատագրի ինքնորոշման իրավունքը երաշխիք է դառնում բռնապետության դեմ՝ ճնշված ազգերի պաշտպանության համար: Այս պաշտպանությունը սոցիալիստները պետք է համարեն անժխտելի հիմք: Որևէ ազգի համար այս հիմքը իրագործելու ընթացքի վրա տարբեր գործոններ են ազդում, իսկ վերջնականապես այդ ազգի զարգացածության ու գիտակցական մակարդակն է որոշիչ համարվում այդ գործընթացի համար: Այստեղ է, որ Ղարաբաղի հարցում հայ ժողովրդի գիտակցական ու զարգացածության մակարդակը շատ պետք է կարևորվի ինքնորոշման գործում:    

 

Վարդան Ղազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: