Հայոց ցեղասպանության ճանաչման համար Ադրբեջանի ճնշումը Իսրայելի վրա պետք է արժանանա հայերի հակազդեցությանը

05 Նոյեմբերի 2015

Քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին ավելի սրվել են՝ ռազմավարական դաշինքից անցնելով բացահայտ թշնամանքի, ապա շատ վերլուծաբաններ զարմացած են Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական ելույթներին և հակաիսրայելյան գործողություններին Իսրայելի կառավարության զուսպ արձագանքից, ինչը բնորոշ չէ նրան։

Այս իրավիճակում հայերը և նրանց կողմնակիցները զարմանում են Հայոց ցեղասպանության ժխտման և Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման արգելափակման թրքական կառավարության գործողություններին Բենիամին Նաթանյահուի շարունակական մեղսակցությունից։

Մերձավոր Արևելքի որոշ փորձագետներ երկու բացատրություն են տալիս Իսրայելի տարօրինակ դիրքորոշմանը․

1․հակառակ Իսրայելի և Թուրքիայի միջև առերևույթ ատելության, երկու երկրները շարունակում են իրենց հետախուզական տվյալների գաղտնի փոխանակումը և զենքի առևտուրը։

2․Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը թշնամական դեր է ստանձնել՝ ճնշում գործադրելով Իսրայելի վրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Որպես լծակ օգտագործում է միլիարդավոր դոլարներով իսրայելական առաջադեմ զենքի գնումը, Իսրայելին ապահովելով անհրաժեշտ նավթամթերքով և Ադրբեջանում տրամադրելով ռազմակայան՝ Իրան ներթափանցելու և լրտեսելու համար, որի հետ սահմանը հասնում է 700 քմ-ի։

Իսրայելի կառավարությունը Ադրբեջանի թելադրանքների հանդեպ այնքան գերզգայուն է դարձել, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Երուսաղեմ կատարած այցի ժամանակ, հակառակ Իսրայելի ԱԳ նախարարի դժկամության, Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի նախագահի հետ։

«Երուսաղեմ փոստ» թերթի նոյեմբերի 1-ի համարում տեղ գտած հոդվածը լիովին ցույց է տալիս Ադրբեջանին Իսրայելի հաճոյանալու աստիճանը։ Այն ժամանակ, երբ արևմտյան խմբերի մեծ մասը, ներառյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հրաժարվեց դիտորդ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին՝ Բաքվի կիրառած սահմանափակումների պատճառով, Իսրայելի Քնեսեթի չորս անդամ շտապեցին Ադրբեջան՝ ցույց տալու իրենց աջակցությունը Ալիևի բռնապետական վարչակարգին։ Իսրայելի նախկին ԱԳ նախարար, այժմ Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական խմբի նախագահ Ավիկտոր Լիբերմանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը, Սոֆա Լանդվրը և Յոել Ռազպոզովը։

«Երուսաղեմ փոստ»-ը հաղորդում է, որ Լիբերմանը՝ որպես ԱԳ նախարար «աշխատում է ամրապնդել Իսրայելի կապերը Ադրբեջանի հետ», և մեջբերել է Բաքվում նրա ասած խոսքերը, որ «Իսրայելի համար կարևոր երկիր է և լավ բարեկամ․․․ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանը հայտնի էր հրեական համայնքի նկատմամբ իր լավ վերաբերմունքով, այնտեղ հակասեմիտիզմ չկա։ Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

«Azernews» գործակալությունը նույնպես մեջբերել է ընտրական լրատվական կենտրոնին հաղորդած Լիբերմանի խոսքերը, որ «Ադրբեջանը ժողովրդավարության, կայունության և հաջող արտաքին քաղաքականության օրինակ է»։ Այդպիսի անհեթեթ ու կեղծ հայտարարություններն անընդունելի են իրազեկ մարդկանց մեծ մասի համար։

Հետաքրքրական է, թե ինչու է նախկին ԱԳ նախարարն այդքան շահագրգռված Ադրբեջանի անցյալի և ներկայում առկա հակասեմիտիզմը արդարացնելու հարցում։

Բաքվից Քնեսեթի չորս անդամների վերադարձից հետո նրանց պետք է խնդրել բացահայտել այն շռայլ նվերները, որ նրանք, հավանաբար, ստացել են որպես երախտիքի նշան Ադրբեջանի անարդար ընտրությունները կուրորեն վավերական ճանաչելու համար։ Զարմանալի չէ, որ Ալիևը պահպանեց իր վերահսկողությունը իշխանության վրա՝ շարունակելով տիրող կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում, մինչև որ հիմնական ընդդիմությունը բոյկոտեց նախորդ կիրակի օրվա ընտրությունները։

«Երուսաղեմ փոստը» հաղորդում է, որ «Ադրբեջանը Իսրայելի համար համարվում է ամենամտերիմ մահմեդական երկիրը, և երկու երկրներն ունեն սերտ կապեր ու նշանակալից առևտուր։ Ադրբեջանն Իսրայելի ամենամեծ քանակի քարյուղի մատակարարն է, իսկ երկու երկրների առևտրաշրջանառությունը հասել է 5 միլիարդ դոլարի, ավելի, քան Ֆրանսիայի հետ։ Վերջին տարիներին Լիբերմանը, նախկին նախագահ Շիմոն Պերեսը և պաշտպանության նախարար Մոշե Յալոն այցելել էին Բաքու»։

«Ձեռնամուխ լինելով քարյուղ՝ զենքի դիմաց քաղաքականությանը, Իսրայելի պաշտոնյաների համար շատ նպաստավոր է անտեսել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, խոսքի ազատության բացակայությունը և լրագրողների ու հասարակական գործիչների, այդ թվում՝ Բաքվի խաղաղության և ժողովրդավարության հիմնարկի ղեկավար Լեյլա Յունուսի և «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկումը։

Թեև ինչ-որ չափով հասկանալի է, որ Իսրայելն ու Ադրբեջանը հետապնդում են իրենց սեփական շահերը, անկախ այն բանից, թե որքան դատապարտելի են միջոցները, սակայն Հայաստանը ևս պետք է հետամուտ լինի իր ազգային շահերին և հակազդի որևէ երկրի գործողություններին, որոնք սպառնում են նրա անվտանգությանը և հարցականի տակ են դնում Ցեղասպանությունը։ Հայաստանի կառվարությունը պետք է հստակորեն հասկացնի Իսրայելի պաշտոնյաներին, որ Ադրբեջանին բազմամիլիարդ զենք վաճառելով իրենք պատասխանատվություն են կրում հազարավոր հայերի կյանքը վտանգելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարում են, որ Իսրայելից ձեռքբերած զենքով իրենք նպատակ ունեն հարձակվելու Արցախի և Հայաստանի վրա։

Վերջապես, Հայաստանը պետք է զգուշացնի Ադրբեջանին, որ Հայոց ցեղասպանության անտեղի ժխտումները և այլ երկրների, ինչպես, օրինակ՝ Իսրայելի վրա ճնշումները՝ իր ժխտողական քաղաքականությանը միանալու համար, ավելի են թշնամացնում հայերին, անհնարին դարձնելով որևէ զիջման գնալու արցախյան հակամարտության հարցում։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա կուրիր» թերթի գլխավոր խմբագիր

Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: