Զարգացնենք մեր ճանաչողությունը, որպեսզի չխաբվենք

26 Հոկտեմբերի 2015

1990 թ. անկախացումից հետո բոլորս մտածում էինք, որ արդեն անկախ ենք ու արդեն ամեն ինչ կարգավորվում է՝ մեր հասարակական, քաղաքական և ազգային գործիչների միջոցով: Բայց շատ շուտով նկատեցինք այդ գործիչների՝ իշխանության ու երկրի հարստությանը տեր կանգնելու, բարձր դիրքեր գրավելու կռիվը, դա դարձավ նրանց առաջնահերթ խնդիրը, իսկ ժողովրդին վերաբերող հարցերը, հատկապես տնտեսական ոլորտը, մղվեցին հետին պլան կամ նրանք անկարող գտնվեցին դրանք լուծել:

Ժողովուրդը խաբվեց:

Արդյոք մենք գիտե՞նք, ճանաչո՞ւմ ենք, թե ովքեր էին այդ գործիչները և ինչ ձևերով էին ժողովրդին ենթարկում իրենց ու խաբում: Որպեսզի կրկին չխաբվենք կամ դուրս գանք հուսահատ վիճակից, իմ կարծիքով, պետք է զգուշանանք և ուշադրություն դարձնենք հետևյալ երևույթների կամ գործոնների վրա՝

-մարդիկ, ովքեր իշխանությունը իրենց համար ոչ թե ժողովրդի կամ ազգի հարցերը լուծելու գործոն են համարում, այլ իրենց կուսակցության, խմբի կամ անձի նյութական հարստություն կուտակելու, քաղաքական դիրքեր ապահովելու, կուտակած հարստությունը պահպանելու և մյուսների վրա ճնշում գործադրելու միջոց։

-ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն իրենց տնտեսական, ստեղծած NGO՝ ոչ պետական կազմակերպություններով, լրատվամիջոցներով, իրենց կապիտալիստական համակարգերի խորհրդանիշերով թելադրում են մեր իշխանավորներին աշխատել իրենց չափանիշներով, որոնք ապահովում են հարուստների և օլիգարխների համակարգի գոյատևումը, որպեսզի հանկարծ «Սոցիալիզմ»-ը չվերադառնա, ու Հայաստանը մնա ֆեոդալական երկիր, որտեղ մարդը մարդուն ճնշում և շահագործում է։

-Կրոնական տարբեր առաքելությունների ստեղծումը փոքրիկ Հայաստանում, որոնց ղեկավարում և ֆինանսավորում են եվրոպական տարբեր գաղտնի և ոչ գաղտնի կազմակերպություններ։ Դրանք բոլորն աշխատում են իրականացնել իրենց տերերի նպատակները, ոչ թե սիրահարված են հայ ազգին ու հետաքրքրված են նրա ճակատագրով ու կենսամակարդակով։

-Արտաքին թելադրող ուժերը հակառուսական տրամադրություն ստեղծելով՝ աշխատում են անօգնական թողնել հայ ժողովրդին միջազգային ասպարեզում, որպեսզի հեշտ կարողանան իրենց ուզածը թելադրել Հայաստանին, մյուս կողմից՝ թուլացնել Ռուսաստանին, որպեսզի ավելի հեշտ տիրեն աշխարհին՝ միայնակ ու առանց մրցակցի:

Մենք այստեղ կողմ ենք ու կարծում ենք, որ եթե մեր իշխանավորները լինեն հիմունքային մարդիկ, Ռուսաստանի հետ հավասարը հավասարի լեզվով կխոսեն, այլ ոչ թե որպես իրենց իշխանությունն ապահովող մի երկրի, որը ձեռնտու չէ նաև Ռուսաստանի շահերին: Բարեբախտաբար ռուս որոշ քաղաքական գործիչներ սա լավ են հասկանում և խորհուրդ են տալիս, որ Ռուսաստանը նաև միշտ հարգանքով ու իրավահավասար մոտեցումներ ցուցաբերի իր դաշնակից երկրների հանդեպ։

-Հայկական ազգայնամոլական խմբեր ու միավորումներ: Որոշ մարդկանց թվում է, թե ինչքան ավելի ազգայնամոլական լոզունգներ ու պահանջներ ներկայացնեն՝ ավելի հայրենասեր կհամարվեն ու ժողովրդի հարգանքը կվայելեն: Միգուցե սկզբնական շրջանում կարողանում էին նման լոզունգներով խաբել ժողովրդին, սակայն բարեբախտաբար, աստիճանաբար ժողովուրդը հասկանում է ու իր առաջնահերթ խնդիրը կյանքի բարելավումն է համարում, ինչն անկարող են կապիտալիստական մոդելի հետևորդ մեր ազգայնամոլները լուծել:

Միայն սոցիալիստական համակարգի գոյության պայմաններում է հնարավոր մեր ժողովրդին ծանր վիճակից փրկել։ Սոցիալիստական համակարգը ժողովրդին տալիս է  կունենա բնակարան ունենալու իրավունք, անվճար բուժսպասարկման իրավունք, անվճար կրթություն ստանալու իրավունք, աշխատանք ունենալու իրավունք և այլն: Մեր ժողովրդին սրանք են անհրաժեշտ, ոչ թե դատարկ լոզունգներ՝ առանց որևէ ծրագրերի: Շատերն են բարեփոխումների խոստումներ տալիս, սակայն ոչ ոք համակարգային փոփոխությունների մասին չի խոսում, որովհետև դա իրենց բնույթի ու գաղափարախոսության մեջ տեղ չունի, ու նման համոզմունքներ նրանք չունեն: Դժբախտաբար մեր երկրում որոշ կուսակցություններ ու խմբավորումներ (բացի կոմունիստական երկու կուսակցություններից), որոնք իրենց սոցիալիստ են համարում, համարգային փոփոխություններ ասելով հասկանում են որոշ բարեփոխումներ, դա հետևանք է նրանց աջ սոցիալիստ լինելու կամ սոցիալիստ ձևանալու: 

-Առողջ երիտասարդությունը մակերեսորեն է նայում հարցերին և մտածում է, թե  բարեփոխումներով ու պաշտոնյաներին փոխելով իրենց հայրենիքի հարցերը, հատկապես տնտեսական հարցերը կլուծվեն, բայց, դժբախտաբար, կապիտալիստական նորմերի քարոզչության ազդեցության տակ գտնվող մեր երիտասարդությունը չի կարողանում հիմնական լուծումը գտնել:

Մենք պետք է հասկանանք, որ միայն ինքնուրույն և ժողովրդական իշխանություն ունենալով կարող ենք համակարգային փոփոխություններ իրականացնել ու աշխատավոր մասսաների օգտին օրենքներ մշակել, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովել:

-Հայաստանում իշխանավորները և ազգայնամոլ կուսակցությունները մոռացել են աշխատավոր դասակարգին ու նրանց արհմիություններին։ Բոլոր զարգացած կամ զարգացող երկրներում բանվորական արհմիություններն ստեղծվում են երկիրը բարելավելու և աշխատավոր մասսաների շահերը պաշտպանելու նպատակով։ Մեր երկրում իշխանավորները չեն ցանկանում ու արգելք են դառնում, իսկ ընդդիմադիրներն էլ կապիտալիստական համակարգի համակիր լինելով, իրենց գաղափարների մեջ տեղ չեն տալիս բանվորական արհմիությունների անհրաժեշտությանը: Մեր օրենսդիրները դեռևս որևէ օրենք չեն նշում բանվորի և գործատուի միջև պայմանագիր հաստատելու մասին, նրանք գործատերերի ձեռքերն ազատ են թողնում, որ երբ ցանկանա՝ բանվորին կարող է հեռացնել աշխատանքից։ Մեր օրենսդիրները երբեք չեն մտածում ու իրենց ծրագրերում չկա աշխատավորների իրավունքների պաշտպանության խնդիրը:

Մենք հասկանում ենք հետամնաց կապիտալիզմի իշխանավորների ու ընդդիմադիրների մոտեցումները, սակայն մեր երիտասարդությունն ու սրտացավ հայերն են, որ պետք է լավ գիտակցեն սա, որպեսզի մեզ չխաբեն ներսի ու դրսի հայ իշխանավորներն ու նեոլիբերալ եվրոպացիները, ամերիկացիները:   

- Տարիներ շարունակ բուրժուազիան աշխարհում և Հայաստանում ճգնաժամի մեջ է գտնվում, իսկ նրա գաղափախոսների ջանքերը (լինեն իշխանության կամ ընդդիմադիրների շարքերում)՝ ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ անարդյունք են մնացել: Բուրժուազիան կորցրել է իր ինքնավստահությունը և դրա դիմաց ժողովուրդն ավելի է ուժեղացրել իր բողոքի ալիքը, մնում է, որ առողջ ու անկախ մտավորականները, վերլուծելով այս հարցերը, մեր ժողովրդի ճանաչողության մակարդակը բարձրացնեն, որպեսզի կրկին ու կրկին չխաբվենք:

 

Գայանե Համբարձումյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: