Սոցիալիզմի վերադարձը

19 Հոկտեմբերի 2015

Մի ժամանակաշրջանի սկիզբ

Ավելի քան 23 տարի առաջ որոշ բուրժուական տեսաբաններ ու ակտիվիստներ տարփողում էին կոմունիզմի ու սոցիալիզմի ժամանակաշրջանի ավարտը, նկատի չունենալով, որ դեռ որոշ երկրներ իրենց կոմունիստական ու սոցիալիստական համարելով՝ հետևում էին այդ քաղաքական ու տնտեսական համակարգի սկզբունքներին և, ըստ ժամանակի ու տարածության, հարմարեցնում էին սոցիալիզմը իրենց երկրում ստեղծված նոր պայմաններին: Այսօր հստակ կարելի է ասել, որ աշխարհում նոր շրջան է սկսվում, և սոցիալիզմը հրապարակ գալով ցույց է տալիս մարդու արդար ապրելու եղանակները: Այս գործընթացը նկատելի է Հունաստանում և Իսպանիայում, որտեղ մասսաներն ընդառաջում են ձախ այլընտրանքին, և Անգլիայում, որտեղ հասարակությունը ջերմորեն ընդունեց և ընտրեց սոցիալիստ ղեկավար Ջերեմի Կորբինին։ Այդ է վկայում նաև այն մթնոլորտը, որ Մ․Նահանգներում ստեղծվել էր դեմոկրատ թեկնածու Բրենի Սանդերսի ընտրության կապակցությամբ: Նման մթնոլորտի ճնշումը կարելի է նույնիսկ նկատել Օբամայի ու Հռոմի պապի ելույթներում:

Այս երևույթը կարելի է տեսնել հարուստների և աղքատների միջև խորը ճեղքի մասին այն զգուշացումներում, որ կատարում են կապիտալիզմի պաշտպանները: Նրանք այս ճեղքը մեծ վտանգ են համարում, իսկ դրա հիմնական արմատը պետք է փնտրել կապիտալիզմի ճգնաժամի և նրա նեխվածության մեջ: Իրականում այս շրջանն սկսել է 2008 թվականի կապիտալիզմի ճգնաժամով, որից հետո ականատես եղանք Մ․Նահանգներում և Եվրոպայում «99 տոկոսանոց» շարժմանը և Հարավային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում ժողովրդական շարժումների:

Այսօր և այս փուլում, սակայն, ոտք ենք դնում ամբողջովին մի այլ ժամանակաշրջան, որը մեծապես տարբերվում է անցյալ տարիներից, դա սոցիալիզմի ընդունումն է ժողովուրդների կողմից։ Ինչպիսի իմացություն էլ ժողովուրդներն ունենան սոցիալիզմի մասին, միևնույն է, դա նոր մթնոլորտ է ստեղծում:  
Անցյալում տիրող իրավիճակից ժողովրդի քննադատություններն ու դժգոհությունները ելնում էին հավասարության ու մարդկային վերաբերմունք ակնկալելու պահանջից, չկարևորելով, որ իրենց սոցիալիստ կամ կոմունիստ համարեն, սակայն այսօր ժողովրդի դժգոհություններն ու անվստահությունը կապիտալիզմի հանդեպ ուղղակիորեն արտահայտվում են մարքսիզմի ու սոցիալիզմի գաղափարախոսությամբ: Ո՛չ Կորբինը, ո՛չ Սանդերսը, ո՛չ Սիփրասը սոցիալիստներ չեն և ոչ էլ նրանք կողմ են կապիտալիստական համակարգում խորը և արմատական փոփոխությունների, սակայն այն պայմանները, որոնք ժողովրդին ստիպել են վստահել ու համակրել այդ մարդկանց, խոսում է այդ թեկնածուների համոզմունքների ու մտածելակերպի մեջ մեծ փոփոխությունների մասին: Հասարակական ու արմատական կոմունիստական կուսակցությունների բացակայության ժամանակ, մարդիկ ընտրում են այնպիսի կուսակցությունների, որոնք մոտ են կանգնած կոմունիստական գաղափարախոսությանը:

Երկար տարիներ բուրժուազիան ճգնաժամի մեջ է գտնվում և նրա գաղափարախոսների ջանքերը՝ ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ, անարդյունք են մնացել: Բուրժուազիան կորցրել է իր ինքնավստահությունը և դրան ի պատասխան, ժողովուրդն ավելի է ուժեղացրել իր բողոքների ալիքը, ու պարզորեն ներկա վիճակից բողոքելով՝ «Ոչ» են ասում նրան: Աստիճանաբար այսօր այս դժգոհություններն իրենց դրսևորում են մարքսիզմի ու սոցիալիզմի ձևով:

Այս երևույթն ավելի շուտ կապվում է անցյալ երկու տարվա հետ: Արդեն աշխարհի ժողովուրդները բացասաբար չեն վերաբերվում սոցիալիզմին, իսկ նեոլիբերալիստների քարոզչությունը սոցիալիզմի դիմաց կորցնում է իր ուժը։ «99 տոկոսանոց» շարժումը Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև Հունաստանի, Իսպանիայի և Անգլիայի դեպքերը վառ օրինակներն են այն բանի, որ ժողովուրդը այս ծանր վիճակից դուրս գալու ամենահարմար ելքը տեսնում է սոցիալիստական տնտեսական համակարգի մեջ:

Հայաստանում նոր է սկսել այս ալիքը և հուսով ենք, աստիճանաբար մտավորականներն ու անկախ քաղաքական գործիչները, իսկական սոցիալիստական համակարգի համակիրները կկարողանան հայ ժողովրդին իրազեկ պահել աշխարհում ընթացող սոցիալիզմի նկատմամբ դրական մոտեցումների մասին, որպեսզի նրանք գիտակցեն, որ սոցիալական արդարությունը կարող է իրականացվել միայն սոցիալիստական տնտեսական համակարգի միջոցով:

Անգլիայում Ջերեմի Կորբինի հակառակորդները փորձում էին նրան որպես արմատական մարքսիստ ներկայացնելով՝ իջեցնել նրա վարկանիշը, սակայն կապիտալիստների ու հակառակորդների վերլուծությունները սխալ դուրս եկան և նրա մարքսիստ լինելը պատճառ դարձավ, որ ավելի շատ մարդիկ համակրեն ու նրան քվե տան:

Արհմիությունների, «Լիբեր»-ի (Անգլիայի բանվորական կուսակցություն) և երիտասարդ սերնդի պաշտպանությունը Կորբինին պարզապես ցույց են տալիս Անգլիայում ժողովրդի դրական հակումները սոցիալիզմի նկատմամբ:

Այսօր նույնիսկ Մ․Նահանգներում, որտեղ տասնամյակներ շարունակ տիրել է հակակոմունիստական մթնոլորտ, 18-29 տարեկան երիտասարդների 69 տոկոսը «Գալուփ» ընկերության հարցմանը պատասխանել է, որ կարող են սոցիալիստ թեկնածուի ձայն տալ:  
Ժողովրդի պարզաբանմանն օգնել են այն լրատվամիջոցները, որոնք փորձել են իշխանության մոնոպոլացված լրատվամիջոցների ցանցից դուրս գալ և աշխատել անկախ:

Վերջին տարիներին կրոնական ծայրահեղականների գլուխ բարձրացնելը նույնպես օգնել է այս ընթացքին: Ժողովուրդները նկատել են, որ Դաեշը, «Թալիբանը» և իսլամական որոշ ծայրահեղական խմբավորումները հենց նույն Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջոցով են ստեղծվել՝ իբրև ժամանակին Խորհրդային Միության և վերջերս իրենց դուր չեկած իշխանությունների դեմ պայքարելու համար:
Եթե ժամանակին Բեռլինի պատի ու Խորհրդային Միության փլուզումով կարողացել էին մեկուսացնել ձախակողմյան միավորներին ու սոցիալիզմը, այսօր իրավիճակը փոխվել է, մարքսիզմը և սոցիալիզմը մեկուսացումից դուրս են եկել և սկսել են ձևավորվել ձախ և կոմունիստական կուսակցությունները: Պարզ է, որ դեռ նոր փուլի սկզբնական շրջանում են, այս փուլը այսօրվա մարդկության համար կստեղծի պատմական ու հսկա փոփոխություններ: Առայժմ կարելի է ասել, որ պայմանները բարվոք են ձախ հոսանքների և կոմունիստական կուսակցությունների աշխատանքի համար:

Հայ կոմունիստների ու ձախակողմյան հակում ունեցողների համար լավ առիթ է, որ վերագտնեն իրենց ու ավելի մեծ թափով կազմակերպվեն, մի կողմ դնեն իրենց ներքին մանր-մունր և անձնական հակասությունները, մտածեն մեծ նպատակների՝ սոցիալիստական հասարակարգ ստեղծելու մասին, որի շնորհիվ կփրկվեն մեր աղքատ վիճակում գտնվող հազարավոր հայորդիներ ու ընտանիքներ Հայաստանում: Նման կուսակցություններն ու խմբավորումներն ինքնուրույն չեն կարող ստեղծվել կամ չեն հզորանա։ Դրանց ստեղծումը կամ հզորացումը գիտակից հայորդիների ու մտավորականների, հասարակական ու ազգային գործիչների պարտականությունն է:

Արտաշես Մելիքյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: