Պետություն դառնալու համար հողի անցյալն անհրաժեշտ է

08 Հոկտեմբերի 2015

Թուրքական «Ռադիկալ» թերթի համացանցային բլոգում սյունակագիր Ֆաթիհ Թունջին իր հոդվածում նախ՝ խոսում է հայերի կոտորածների մասին, ապա հիմնավորում է, թե հայերն ինչու են այդքանից հետո տակավին ցանկանում ապրել իրենց կորցրած հայրենիքում։

Ermenihaber.am կայքը ներկայացնում է այդ հոդվածը՝ որոշ կրճատումերով․ «Մեկ դար առաջ որոշ մարդիկ փրկվեցին։ Ոմանք անզավակ, ոմանք էլ անհայր մնացին։ Ամեն ինչից զատ, նրանց հոգիները Անատոլիայում մնացին, իսկ մարմինները՝ այլ հողերում բանտարկված։ Օտարացան իրենց հողերից։ Հետո դավաճան կոչվեցին։ Սադրիչ կոչվեցին ու կոտորվելով թշնամի դարձան։ Տարօրինակ չէ՞։ Ե՛վ կոտորես, և՛ կոտորվածի դերը խաղաս։ Կոտորելը քիչ էր, դեռ մինչև այժմ ատելություն եք տարածում հայերի հանդեպ։

«Հայ սպանողը դրախտ կգնա»,կարծում եմ դեռ այս սնահավատությանը հավատացողներ կան։ Այդ դեպքում հրեա սպանեք, նրանք ամեն օր հաճույքով իսլամի են սպանում։ Կամ չինացիների դեմ պատերազմ սկսեք, նրանք թուրքերին կոտորում են։ Չեմ հասկանում, թե ինչու է դեռևս շարունակվում հայերին սևացնելու գործընթացը։

Ամեն պետություն իր պատմությունն ունի։ Սակայն Հայաստանի պատմությունը Անատոլիայի հողերում է թաղված։ Նրանց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են։ Դեռ կանգուն են մնացել խաղողի այգիներն ու նռնենիները, սակայն դրանք արդեն կորցրել են իրենց քաղցրությունը։ Դուք կարող եք պետություն ունենալ, սակայն եթե ձեր պատմությունն այլ հողերում է, ապա ինչ-որ բան կիսատ է։ Ձեր եկեղեցիները, տները և ամենակարևորը՝ գերեզմանոցները։

Պետություն դառնալու համար հողի անցյալն անհրաժեշտ է, հակառակ դեպքում ձեր ինքնությունը կսպառի իրեն, կօտարանա։

Իմ կարծիքով, հայերն Անատոլիայում պետություն հիմնելուց ավելի շատ կրկին այդ հողերում ապրել են ուզում։ Որքան էլ նրանց հայրերի գերեզմանոցների վրա տներ կառուցված լինեն, միևնույն է, նրանք ոչ թե այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերի վրա ապրելու ցանկությամբ են լցված։

Նրանք նպատակ չունեն պատառ-պատառ անել այն հողերը, որոնց վրա իրենք որպես հայ իրենց պատմությունն են սկսել։ Առանց այդ էլ նրանց ժամանակին պատառ-պատառ են արել ու նրանք չեն կարող ևս մեկ անգամ այդ աչքի առաջ չունենալ։

Սակայն մենք վախենում ենք հայերից։ Ասում ենք՝ մեր հողերը պատառ-պատառ են անում։ Բայց չգիտես ինչու պատառ-պատառ անողները միշտ հայերն են լինում։

Որքան էլ հայերն իրենց անունն ու ազգային պատկանելիությունը արտացոլող երկիր ունենան, միևնույն է նրանց հոգիները Անատոլիայում են ապրում։ Այդ պատճառով նրանց նպատակը հողը չէ, նրանց նպատակն այնտեղ ապրելով իրենց կարոտն առնելն է»։

 

Աղբյուրը՝ «Զարթօնք» թերթ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: