21-րդ դարի ինքնակառավարվող շուկայական սոցիալիզմը

04 Հոկտեմբերի 2015

Սոցիալիզմի փիլիսոփայական գաղափարը՝ որպես բարձրագույն նպատակ, առաջ է քաշում հասարակության զարգացումը, որտեղ չկա մարդու կողմից մարդու շահագործում։ «Մարդու կողմից մարդու շահագործման բացակայություն» արտահայտությունը սոցիալիզմի հասկացության մեջ կարևոր է և նշանակում է սոցիալիստական սկզբունքի՝ «յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքի իրականացում, որն իրականացնելիս անհնար է սոցիալական հարստահարումը։

Չնայած ձևակերպման պարզությանն ու ակներևությանը, այդ սկզբունքը գործնականում իրականացնելը բավականին դժվար է, քանի որ դրա ներքո ենթադրվում է հասարակության կենցաղի բոլոր տեսանկյուններում հիմնախնդիրների լուծում։ Այդ պատճառով դրանք կյանքում չկարողացան իրագործել ոչ կոմունիստները և ոչ էլ սոցիալ-դեմոկրատները։ Բանն այն է, որ հասարակական (համաժողովրդական) սեփականությունը արտադրության միջոցների վրա հիմնված չի երաշխավորում այդ սկզբունքի կատարումը, այլ ընդամենը դրա իրագործման անհրաժեշտ պայմանն է։ Այն կյանքի կոչելու համար պահանջվում է ևս երկու կարևորագույն հիմնախնդիրների լուծում՝ հասարակության ողջ տնտեսական կյանքի դեմոկրատացում և սկզբունքորեն նոր քաղաքական համակարգի ստեղծում։

«Յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների» սկզբունքի տնտեսական տեսանկյունը ենթադրում է տնտեսական ազատություն, որը հասարակության բոլոր անդամների համար երաշխավորում է հավասար իրավունքներ և հնարավորություն՝ ողջ կյանքի ընթացքում իրացնելու սեփական աշխատանքային ու ստեղծագործական ներուժը։

Դա նշանակում է, որ անհատը, անկախ իր ընտանիքի սոցիալական կարգավիճակից, որտեղ էլ ծնված լինի, հնարավորություն ունի ստանալու այն կրթությունը, ինչը կցանկանա և ունակ կլինի հաղթահարելու, ինչպես նաև դրան կհաջորդի ապահով աշխատանքի տեղավորումը, որը լիարժեք կհամապատասխանի նրա կրթությանը, անձնական և գործնական հատկանիշներին։

Փորձելով գործնականում իրականացնել «յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների» սկզբունքը, անխուսափելիորեն հանգում ենք հասարակության բոլոր անդամների համար անվճար սոցիալական բարիքներին՝ կրթություն, բուժսպասարկում, ինչպես նաև հոգևոր և մշակութային զարգացում։ Կրթության, ինչպես նաև անհատի անձնական և գործնական հատկանիշներին համապատասխան երաշխավորված աշխատանքի տեղավորումը, ենթադրում է «ծառայողական աստիճանով» առաջխաղացման ազատություն։ Ազատությունը հնարավորություն է տալիս անհատին իր հայեցողությամբ գրավել ցանկացած տեղ։ Տվյալ դեպքում աշխատողի մասնագիտական առաջխաղացումը որոշում են ոչ թե վերին օղակների առանձին անձինք (պետը, տնօրենը, նախարարը կամ նախագահը), այլ աշխատանքային կոլեկտիվը։ Այսպիսով կազմակերպված աշխատանքի սոցիալիստական շուկան պետք է ապահովի բոլոր անհատների արժանիքների գնահատման օբյեկտիվությունը և բացառի ԽԾԲ-ն (խնամի-ծանոթ-բարեկամ) ու կոռուպցիան։

Դեպի վեր առաջխաղացումը կարող է փոխարինվել զբաղեցրած պաշտոնից ազատելով, եթե տվյալ աշխատողը չի արդարացնում կոլեկտիվի վստահությունը։ Պաշտոնին այսպիսի ժողովրդավարական նշանակումը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ՝ սկսած ամենաստորինից մինչև ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձանց։ Եթե կոլեկտիվը շատ մեծ է, ապա աշխատողի մասնագիտական և անհատական հատկանիշներն իմանալու և նրա վերաբերյալ որոշում ընդունելու համար այդ որոշումն ընդունվում է նրան անմիջականորեն շրջապատող անձանց միջոցով։

Աշխատողը կարող է փոխել աշխատավայրը, եթե զգում է, որ իր կարողությունները արդար չեն գնահատում։ Աշխատողի արժանիքների առավել օբյեկտիվ գնահատման միջոց, քան ներկայացվածն է, գոյություն չունի։

Վերջապես, եթե անհատը մեծ փորձ, բարձր որակավորում և նախաձեռնողական ընդունակություններ ունի, ապա նրան առաջարկվող ծառայության կամ արտադրության հասարակական անհրաժեշտության առկայության դեպքում նա պետք է հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ, համազգային միջոցների հաշվին կազմակերպել ձեռնարկություն, որի ղեկավարումը պետք է հանձնարարվի հենց նրան։ Ղեկավարի այդ պաշտոնը նա չի ստանձնելու մինչև կյանքի վերջը, քանի որ ամեն ինչ կախված է լինելու նրա անձնական և գործնական հատկանիշներից, որոնք պետք է գնահատի աշխատանքային կոլեկտիվը։ Եթե որպես ղեկավար նրանից գոհ լինեն, ապա նա ձեռնարկությունը կղեկավարի որքան ուզում է։

Ժողովրդավարական ինքնակառավարումը ենթադրում է ոչ միայն պաշտոնների բաշխման ընտրովիություն, այլև ձեռնարկությունների գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ աշխատողների իրազեկվածությունը, այսինքն՝ պետք է ապահովված լինի ձեռնարկությունների գործունեության թափանցիկությունը (արտադրական հարցեր, հաշվապահություն, ծրագրեր, հեռանկարներ և այլն)։

Այսպես կազմակերպված աշխատանքի սոցիալիստական շուկան վերացնում է հակասությունները հավասարողական և բաշխողական «արդարության» միջև և հանգեցնում է շահույթների արդարացի բաշխման։ Հասարակության յուրաքանչյուր անդամ շահույթ է ստանում ըստ արժանվույն, որը որոշվում է ինչպես նրա սեփական գործունեությամբ, այնպես էլ աշխատանքային միջավայրում նրա արժանիքներով, այլ ոչ թե վերին ատյանների առանձին պետերի որոշմամբ։  

Ավելի բարդ է «յուրաքանչյուրին ըստ աշխատանքի» սկզբունքի իրականացումը, քանի որ ենթադրում է արտադրվող բարիքի արժեքային գնահատականը, ինչպես նաև դրա արտադրության ընթացքում յուրաքանչյուր աշխատողի ներդրումը։ Այս բարդ խնդիրը ոչ մի տեսություն լուծել չի կարող։

Բանն այն է, որ ապրանքի փոխանակային արժեքը (հասարակական անհրաժեշտ ծախսեր) և դրա սպառողական արժեքը (օգտակարություն) շուկայի պայմաններում (ի տարբերություն պլանային տնտեսության) անքակտելիորեն փոխկապակցված են և համարվում են միևնույն գոյության (ապրանքի արժեքի) երկու տեսանկյուն։

Որևէ ապրանք արտադրող, նախքան ապրանքն արտադրելը որոշում է ընդունում շուկայում այդ ապրանքի առկայության նպատակահարմարության մասին, այսինքն՝ արդյոք կհամապատասխանեն իրար փոխանակային և սպառողական արժեքները։ Եթե այդպիսի համապատասխանություն չլինի, ապա այդ ապրանքը շուկայում չի հայտնվի։ Օրինակ՝ եթե ոսկին շուկայում սպառողական արժեք չունենա (հակաքայքայիչ հատկություններ և որպես թանկարժեք մետաղ), ապա չէր արդյունահանվի, նույնիսկ եթե շատ հեշտ լիներ դրա արդյունահանումը։

Տնտեսության կենտրոնացված ծրագրման դեպքում որևէ ապրանքի արտադրության թողարկման մասին որոշումն ընդունում են նախարարություններում և գերատեսչություններում առանձին մարդիկ, առանց հաշվի առնելու շուկայի պահանջները, իսկ խանութների դարակներն ու պահեստներն այդ դեպքում կարող են լեփ-լեցուն լինել ոչ մեկին պետք չեկող արտադրանքներով։ Բացի այդ, կենտրոնացված ծրագրման (պլանավորման) դեպքում մենաշնորհներ ստեղծելու միտում կա, ինչը հանգեցնում է ձեռնարկությունների միջև մրցակցության բացակայության և հարկադրում է արտադրանքի գինը։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է անհամաչափության ծրագրային (պլանային) տնտեսության մեջ։

Որքան բարդ է տնտեսական գործընթացը, այնքան ավելի բարդ է լինում դրանք վերևից ղեկավարելը, քանի որ հնարավոր չէ օպերատիվորեն ամբողջական և հավաստի տեղեկատվություն ստանալ հասարակության կարիքների մասին։ Շուկան գնահատում է արտադրանքի պակասորդը, ապրանքակուտակումը, նորարարությունները և վայրկենապես արձագանքում է շուկայական ենթադրվող բոլոր փոփոխություններին, նվազագույնի հասցնելով կորուստները և ապահովելով հետագա զարգացումը։

Սխալ կլիներ ասել, որ պլանավորումը միշտ չարիք է։ Որոշ դեպքերում պլանային տնտեսությունն ավելի արդյունավետ է շուկայականից։ Եթե տնտեսական գործունեության նպատակները առավելագույնս պարզ են, ապա ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների կենտրոնացումը հնարավորություն է տալիս ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի։ Օրինակ՝ պաշտպանական արդյունաբերությունը, ենթակառուցվածքը, արմատական գիտելիքները, կրթությունը և այլն ավելի լավ է կենտրոնացված պլանավորել։

Շուկայական տնտեսությունն ավելի հարմարեցված է լայն սպեկտրի ապրանքների և ծառայությունների արտադրելիս նորարարական զարգացման համար, քանի որ հաշվեկշռված շուկայի պայմաններում մրցակցությունը, պահանջարկը և առաջարկը թույլ են տալիս օբյեկտիվորեն գնահատել արտադրվող բարիքները։

Պլանավորումն իմաստ ունի միայն ամբողջ հասարակության շահերն ապահովող համապետական խնդիրների համար, սակայն բյուջետային կազմակերպություններում և ձեռնարկություններում նույնպես պետք է կազմակերպվի աշխատանքի սոցիալիստական շուկա, այլ ոչ թե վերևից նշանակված համակարգ։

Աշխատանքի բաժանումը ևս մեկ կարևոր տեսանկյուն ունի։ Ձեռնարկության կոլեկտիվի ընդհանուր շահույթը եթե նույնիսկ օբյեկտիվ է, ապա պետք է այն դեռ արդարացի բաժանել բոլոր մասնակիցների միջև։ ԽՍՀՄ-ի պլանային տնտեսության մեջ այդ հարցը լուծվում էր վերևից իջեցված հաստիքացուցակների, վարձացուցակների, դրույքաչափերի միջոցով, ինչպես նաև ԽՄԿԿ-ի և նրա հիերարխիկ կառույցում ունեցած տեղի պատկանելիությամբ և այլն։

Բնական է, որ այդ պայմաններում աշխատողն իրեն զգում էր իր աշխատանքի արդյունքից կտրված։ Պլանի կատարումը պարգևատրվում էր, սակայն պլանը ձևավորվում էր (իհարկե տնօրենի օգնությամբ) այնպես, որ դրա կատարումը ձևական էր, իսկ պարգևատրումը դարձել էր մշտական աշխատավարձի մշտական կցորդ, որը կախված չէր աշխատանքի արդյունավետությունից։

Պլանային տնտեսության մեջ խախտվում է աշխատանքի և աշխատանքի հանդեպ շահագրգռվածության միջև կապը, որը շուկայական տնտեսության մեջ բնական և անքակտելի է։

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ «յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սոցիալիստական սկզբունքի իրագործումը պահանջում է տնտեսության շուկայական կազմակերպում՝ հիմնված արտադրության միջոցների համաժողովրդական սեփականության վրա, ձեռնարկությունների ժողովրդավարական կառավարման, պաշտոնների ժողովրդավարական բաշխման, ինչպես նաև շահույթների գիտականորեն հիմնավորված բաշխման վրա։ Պարզ է, որ ԽՍՀՄ-ում այդ սկզբունքը չէր իրականացվում, դա նշանակում է, որ չկար նաև իսկական սոցիալիզմ։

Սոցիալիզմի արդի հայեցակարգերը, ցավոք, ոչ մի նոր բան չեն առաջարկում։ Դրանց մեծ մասն ընդհանրապես մերժում է շուկան, իսկ դրա փոխարեն առաջարկում է տնտեսության կենրոնացված պլանավորում, ինչպես Մարքսն էր առաջարկում, որն էլ իդեալական պայմաններ է ստեղծում կառավարող վերնախավի բյուրոկրատացման և կառավարող դասակարգի ձևավորման  համար, որն ի վերջո, տնտեսապես և քաղաքականապես անխուսափելիորեն իրեն է ենթարկելու ողջ հասարակությանը։

Բացի տնտեսական անազատությունից, կրկին առաջարկվում է ազգաբնակչության հոգևոր դաստիարակության տխրահռչակ «ծամոնը»։ Եթե «դաստիարակությամբ» զբաղվում են իշխանության մեջ գտնվող մարդիկ, ապա դա հոգևոր անազատություն է, որը հասարակությանը կրկին հանգեցնում է ստրկացման բոլոր տեսանկյուններով։

Միայն աշխատանքի սոցիալիստական շուկան կարող է դառնալ միակ և անաչառ դատավորը, ինչպես նաև դեպի հոգևորը, կրթությունը և ստեղծագործականը ձգտող դաստիարակ, քանի որ իրենից ներկայացնում է այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք նպաստում են մարդկանց մեջ այդ արժեքների ձևավորմանը։

Անհատի դաստիարակությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կազմակերպություններում դառնում է բնական լրացում՝ հիմնված անձնական օրինակի վրա, այլ ոչ թե հրամանների, արգելքների և բարոյախոսության ձևով են իրականացվում, որոնք շատ հաճախ ոչ մի ընդհանուր բան չեն ունենում շրջապատող իրականության հետ, ընդ որում, եթե հասարակական հարաբերությունները ներդաշնակ չեն։

Սոցիալիստական սկզբունքը կյանքի կոչելը սոցիալիստական հասարակության ընդամենը մեկ տեսանկյունն է։ Քաղաքական համակարգը նույնպես պետք է ամբողջությամբ փոխվի։ Կուսակցական քաղաքական համակարգը այլասերված ժողովրդավարության ձևերից մեկն է, որը ծառայում է բուրժուական հասարակության շահերին։ Խելքը գլխին ոչ մեկը նույնության նշան չի դնի կուսակցական ֆունկցիոների և ժողովրդի լիարժեք ներկայացուցչի միջև։ Այդպիսի քաղաքական համակարգի առկայությամբ դեպի իշխանություն բաց են ճանապարհները գանձագողի, ցինիկի, նացիստի և այլնի համար, եթե նա կատարելապես տիրապետում է երեսպաշտության արվեստին։

Կուսակցությունից իշխանության կարող է գալ նաև օրինավոր մարդը, սակայն դա պատահականորեն է լինում, այլ ոչ թե համակարգի շնորհիվ։ Քանի որ ստորին ժողովրդավարություն չկա, ապա կուսակցական ֆունկցիոները դառնում է հրապարակային քաղաքագետ, մի կողմ թողնելով ներքևից ժողովրդավարական ընտրության «մաղը», իսկ հետո գործի է դրվում քարոզչամեքենան և զանգվածների միջոցով մեքենայությունները։ Ըստ էության, «զանգվածները» ձայն են տալիս նրան, ով ինքնառաջադրվում է հասարակությանը ղեկավարելու համար։ Այդպես եղել է Իսպանիայում, հիտլերյան Գերմանիայում և ԽՍՀՄ-ում, ինչպես նաև հիմա ամեն տեղ է այդպես։

Դա բացատրվում է այն բանով, որ «ստորին ժողովրդավարությունը» և դասակարգային հասարակությունը սկզբունքորեն անհամատեղելի են։ Անդասակարգ հասարակության մեջ կուսակցական համակարգի անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, այն խոչընդոտ կարող է լինել ժողովրդավարության զարգացման համար։ Հենց դա էլ եղավ 20-րդ դարի սոցիալիզմի կործանման հիմնական պատճառը․ կառավարման բուրժուական (կուսակցական) ձևն իր հետ համապատասխանաբար բերել էր տնտեսական կարգ։ ԽՍՀՄ-ում չէր հաղթահարվել հասարակության դասակարգային կառուցվածքը։ Որպես նոր դասակարգեր ի հայտ եկան կուսակցական նոմենկլատուրան և մյուսները։

Սոցիալիստական հասարակությունում քաղաքական համակարգի սկզբնաղբյուրը պետք է լինեն ոչ թե կուսակցությունները, այլ հասարակական կազմակերպությունները և միավորումները, որոնք ձևավորվում են ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ամբողջ ժողովրդի լիարժեք ներկայացուցիչների ընտրության հիման վրա։

Քաղաքական համակարգը (գործադիր և ներկայացուցչական իշխանություն բոլոր մակարդակներում) պետք է կառուցվի այնպես, որպեսզի բացառվի հասարակության մեջ իշխող կենտրոնների ի հայտ գալու հնարավորությունները, այսինքն՝ ընտրությունը ներքևից, ղեկավարների վերահսկողությունը ներքևից, ղեկավարների հաշվետվությունը ներքև, ստուգման արդյունքների վերաբերյալ արձագանքի հնարավորությունը ներքևից, պարտադիր պարբերաբար փոխարինում։

Տնտեսության ժողովրդավարացումը և խորը քաղաքական բարեփոխումը արմատապես կփոխի հասարակության էլիտայի ձևավորման աղյուսակը։

Սոցիալիստական հասարակության մեջ հոգևոր ազատությունը նույն պատճառներով մշակութային, կրթական, գիտական և հասարակական բոլոր կազմակերպություններում (բոլոր մակարդակներում) ապահովվում է ժողովրդավարական ինքնակառավարմամբ։

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանն, ըստ Ս․ Բախմատովի աշխատությունների

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: