Ստեփան Շահումյան. պատմության դատաստանը

01 Հոկտեմբերի 2015

Ստեփան Շահումյանը իր ամբողջ կյանքով ու գործով մեր առջև հառնում է որպես հայ ժողովրդին նվիրված ու հարազատ զավակ: Լինելով համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ, դառնալով կոմունիստական շարժման ականավոր գործիչ, երբեք չշեղվեց իր ընտրած ուղուց` ծառայել հայ ժողովրդի շահերին: 

Մեր ոչ հեռու անցյալից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, որ մեկը որոշել է դառնալ հոգևորական և այդ միջոցով օգտակար լինել իր ազգին, մյուսը դարձել է դաշնակցության անդամ և հարմար է գտել այդ կուսակցության շարքերում օգտակար լինել ազգին, պայքարել նրա երջանկության համար: 

Այսպիսի մոտեցումը բնավ էլ դատապարտելի չէ: Նրանցից յուրաքանչյուրը համարվում է ազգային գործիչ:
Բայց ահա, հատկապես վերջին տասնամյակներին Հայաստանում, իսկ դրանից առաջ էլ արտասահմանյան հայկական մամուլում (հիմնականում՝ դաշնակցական ուղղության) մեր բոլոր այն գործիչները, որոնք պատկանել են սոցիալ-դեմոկրատական կամ կոմունիստական կուսակցությանը, իրենց նվիրել են կոմունիստական գաղափարների հաղթանակով իր ժողովրդին օգտակար լինելուն, ազգային գործիչ չեն համարվում: Եվ ոչ միայն դա: Նրանք վարկաբեկվում են, հաճախ ներկայացվում նույնիսկ մեր ազգային նպատակների թշնամի: 

Տարօրինակ դիրքորոշում է: Եվ հարց է առաջանում, թե այդ ինչպես դաշնակցության որևէ գործիչ համարվում է ազգային գործիչ, իսկ կոմունիստական կուսակցության գործիչը` ոչ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաև Ստեփան Շահումյանին, ում դաշնակցական գաղափարախոսներն ու նրանց համախոհները չեն համարում ազգային գործիչ: 
Ես այս խնդրի վրա հրավիրում եմ ուշադրություն՝ հետեւյալ իրողությունը նկատի ունենալով: 
Ըստ այդ գաղափարախոսների, կոմունիստները լինելով ինտերնացիոնալիստներ, անընդունակ են սիրել իրենց ժողովրդին, իրենց հայրենիքը: 

Այսպես մտածողներին միայն կարելի է հարցնել. եթե կոմունիստները չեն սիրել իրենց հայրենիքը, ապա այդ ինչպես կարողացան իրենց իշխանության տասնամյակների ընթացքում ամբողջովին անգրագետ Հայաստանը վերածել գիտության ու լուսավորության երկրի: Վերջին հաշվով, այն ամենը, ինչ Հայաստանը ձեռք էր բերել սովետական իշխանության 70 տարիներին, միայն հայրենիքը ջերմորեն սիրող մարդկանց սխրանքի, անմնացորդ նվիրումի արդյունքն է: 

Հիմա եկել է այն պահը, որ հարկավոր է ձեռքբերածը պահպանելով, դրա հիմքի վրա կառուցել, ստեղծել ավելի լավը, ավելի կատարելագործվածը: Իսկ դա հնարավոր է միայն հայրենիքն ու ժողովրդին անկեղծորեն սիրելով, նրանց նվիրվելով, և այդ նվիրումը ոչ թե առատ խոսքերով ու խոստումներով, այլ իրական գործերով դրսևորել: 

Սա է մեր օրերի գլխավոր խնդիրը: Եվ իմ խորը համոզմամբ մեր ժողովրդի կյանքի բոլոր ասպարեզներում առաջացած գլխավոր խնդիրների մասին ոչ թե խոսողն ու փքուն ճառեր ասողն է, այլ դրանց իրականացնողն է իսկական ազգային գործիչը, որը հակառակ խոսողների, անկախությունը չի համարում նպատակ, այլ միջոց` ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: 
Ես իմ առջև նպատակ չեմ դրել խորությամբ քննարկել կամ էլ վերլուծել Ստեփան Շահումյանի ժամանակ ապրած այլ կուսակցություններին պատկանած գործիչների հայացքները: Դա չի նրա մասին իմ գրած գրքերի նպատակը: Ես միայն դրանց անդրադարձել եմ այնքանով, որքանով որ առնչվել են Ստեփան Շահումյանին: 

Ես իմ առջև դրել եմ ավելի համեստ նպատակ. այսօրվա երիտասարդ ընթերցողին ներկայացնել Ստեփան Շահումյանի կյանքի պատմությունը և ցույց տալ, թե ինչպես էր նա, որպես կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ ու ինտերնացիոնալիստ, հանդես գալիս իր ժողովրդի շահերի պաշտպանությամբ, իր դավանած գաղափարախոսությունը դարձրել միջոց, լծակ` սեփական ժողովրդի ազգային խնդիրները, որոնց մեջ ազգի գոյատևության ապահովվումն էր, իրականացնելու համար: 

Միաժամանակ հարկ եմ համարում նշել հետևյալը: Դաշնակցությունը սկզբում արևմտահայերի փրկությունը կապում էր երիտթուրքական հեղափոխության հաղթանակի, իսկ հետո ամբողջ Հայաստանի փրկությունը` եվրոպական տերությունների ու Ամերիկայի հետ, իսկ հայ սոցիալ-դեմոկրատ կոմունիստները և, առաջին հերթին, Ստ. Շահումյանը հայ ժողովրդի փրկությունը կապում էին ռուսական հեղափոխությամբ ցարիզմի տապալման, հետո նաև Սովետական Ռուսաստանի օգնության հետ: 
Նրանցից յուրաքանչյուրը կարծում էր, որ պայքարում է իր ժողովրդի ապագայի համար: Միայն թե Հայաստանի ապագան նրանք դիտում էին ըստ իրենց տեսակետի: Դաշնակցությունը իր պարագլուխների կամքով որդեգրել էր օսմանյան ինտերնացիոնալի գաղափարը և դրան հավատարիմ է մնացել մինչև արևմտահայության մեծագույն ողբերգությունը, երբ ցեղասպանության զոհ դարձավ մի ամբողջ ժողովուրդ: 

Հայ բոլշևիկները Շահումյանի գլխավորությամբ որդեգրել էին ռուս ժողովրդի հետ ինտերնացիոնալ բարեկամության գաղափարը և դրան հավատարիմ մնացին մինչև վերջ: Ի՞նչ տվեցին այս երկու ինտերնացիոնալները հայ ժողովրդին: 
Հարկ չկա պատասխանել այդ հարցին և ասել, թե այս ուղղություններից որն էր պատմականորեն արդարացված: Պատմությունը վաղուց տվել է դրա պատասխանը: 

Բայց հարց է առաջանում. այդ ինչպես է, որ երիտթուրքերի հետ դաշինքի արդյունքով բնաջնջվեց արևմտահայությունը, Եվրոպան ու Ամերիկան էլ չօգնեցին, և այս քաղաքականության կրողները գնահատվում են որպես ազգային գործիչներ, իսկ Ստեփան Շահումյանը, որը հայ ժողովրդի փրկությունը կապում էր ռուսական հեղափոխության հաղթանակի և Սովետական Ռուսաստանի օգնության հետ, ազգային գործիչ չի համարվում

Մինչդեռ Ստեփան Շահումյանը իսկական ազգային գործիչ էր, իր ժողովրդի հավատարիմ զավակը և այդպիսին էլ մնաց մինչև իր կյանքի ողբերգական վախճանը: Ահա, թե ինչու մինչև օրս Ստ. Շահումյանի ունեցած հեղինակությունը, հմայքը հանգիստ չեն տալիս նրա հակառակորդներին, որոնք սերնդեսերունդ փոխանցել են իրենց անզուսպ ատելությունը նրա նկատմամբ: 
Ասվածի կապակցությամբ հարկ եմ համարում այստեղ հիշել ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի հետևյալ դիտողությունը. «Ընդունված կանոն է ազգային սրբերի շարքը դասել նրանց, ովքեր գործել ու մեռել են ազգի ընդհանրության համար, կամ նրանց, ում հայեցողության ու ներգործության ասպարեզը շրջագծվել է ազգային մեկուսացման սահմաններով: 

Ստ. Շահումյանն այդ իմաստով մեր ազգային սուրբը չէ և ոչ անգամ հերոսը: Սակայն Շահումյանն ամենից առաջ հայ բանվորությանն է նվիրել իր երիտասարդական օրերն ու գործերը: Պատռելով ազգային մեկուսացման այն քողը, որ մթագնում էր հայ բանվորության գիտակցական հորիզոնը, նա հերոսացավ ամենից առաջ հայ բանվորական շարժման և հայ սոցիալիզմի պատմության մեջ» (Ստեփան Շահումյանը ժամանակակիցների հուշերում, Եր. 1984, էջ 153-154): 

Ստ. Շահումյանի մասին գրվել են շատ գրքեր, հիշողություններ, հրապարակվել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Նրա մասին գրված աշխատությունները, հոդվածները, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ու լրատվական մյուս միջոցներով առանձին անձանց հրապարակային ելույթները բաժանվում են երկու՝ իրար հակադիր տեսակետների: 

Առաջին տեսակետի հեղինակները կանգնած են Ստ. Շահումյանին ճիշտ, օբյեկտիվորեն ներկայացնելու դիրքերում և պատշաճորեն ու հարգանքով են գնահատում նրա կյանքն ու գործունեությունը: Այդ հեղինակների աշխատություններում, հիշողություններում ընթերցողի առջև իր ամբողջ վեհությամբ հառնում է ազնիվ ու սկզբունքային, ճշմարտասեր ու համեստ, աշխատավոր մարդու շահերի պաշտպանության համար պայքարող Ստ. Շահումյանի պայծառ կերպարը: 

Երկրորդ տեսակետի հեղինակներին հանգիստ չի տալիս Ստ. Շահումյանն իր կյանքով ու գործունեությամբ, ժողովրդական զանգվածների մոտ ունեցած մեծ ու անժխտելի հարգանով: Նրանք մեր օրերում առիթը բաց չեն թողնում հրապարակավ վարկաբեկեու Ստ. Շահումյանին, նրան վերագրելով շինծու մեղքեր, ամեն կերպ աշխատում են նրան հեղինակազրկել և այդ ամենը ներկայացնում իրականությանը չհամապատասխանող փաստարկներով, հատկապես նորից շրջանառության մեջ դնելով Շահումյանի գաղափարական հակառակորդների հուշերը, որոնք հրապարակվել են Շահումյանի ողբերգական մահից հետո և մնացել են անպատասխան: 

Ստեփան Շահումյանի կյանքն ու գործունեությունը կեղծիքով ներկայացնելու, նրան զրպարտելու մեջ աչքի են ընկնում հատկապես ադրբեջանցի հեղինակները: Նրանցից մեկն էլ պատմահեն Է. Իսմայիլովն է, որը իր ռուսերեն հրատարակված «Մոռացության դատապարտված Ստեփան Շահումյան: «Լեգենդար կոմունայի» դիմանկարն առանց ռետուշի» գրքում (2012 թ.) գրում է, որ «խրոնոլոգիական հետողականությամբ ներկայացնում է ադրբեջանական ժողովրդի թշնամի, ադրբեջանական բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունեցող Շահումյանի անցած ամբողջ կյանքի ուղին: Հետազոտության մեջ լուսաբանվում են նրա մանկությունն ու պատանեկությունը, ուսման տարիները, հեղափոխության մեջ նրա առաջին քայլերը, քաղաքական հայացքները, Շահումյանի գրագրությունը, հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նրա եռանդուն գործունեությունը»: 

Է. Իսմայիլովի գրքի շնորհանդեսը մեծ աղմուկով կազմակերպվել է Մոսկվայի մի շարք ուսումնական ու գիտական հաստատություններում: Ցավալի է, որ դրանցում ադրբեջանցի մասնակիցների դրսևորված հախուռն և հակահայկական գնահատականները ոչ միայն չեն ժխտվել, այլև դրանք գնահատվել են որպես «պատմական ճշմարտություն»: 

Առավել ցավալի է, որ այդ շնորհանդեսների ժամանակ ելույթ ունեցած Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետխորհրդային  հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Չերնաևսկին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, կովկասագետ Ռուդոլֆ Իվանովը և ուրշներ, հայտնվելով Է. Իսմայիլովի սարքած գաղափարախոսական ծուղակում, առանց խորանալու, բացարձակապես անտեղյակ լինելով ոչ միայն Անդրկովկասի իրադարձություններին, այլև Շահումյանի գործունեությանը, նշում են «կեղծարարության և պատմական իրադարձությունների նենգափոխումներին հակազդելու և Ադրբեջանի պատմությունը ճիշտ հասկանալու տեսանկյունից» Է. Իսմայիլովի աշխատության կարևորությունը: 

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, մեջլիսի պատգամավոր Յաղուբ Մախմուդովը Է. Իսմայիլովին խորհուրդ է տալիս իր աշխատությունը հրապարակել «Ստեփան Շահումյանը ադրբեջանական ժողովրդի սպանիչ» վերնագրով: 

Ոչինչ տարօրնակ չէ, որ ադրբեջանցի մեկ կեղծարար մրցում է մյուս կեղծարարի հետ: 
Այստեղ տարօրինակն այն է, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, որն իր էությամբ պետք է չծառայի որևէ կուսակցության գաղափարախոսությանը, ղեկավարում է մեկը, ով քարոզում է մուսավաթական գաղափարախոսություն: 

Ստեփան Շահումյանին անվանարկելու և զրպարտելու գործում աչքի է ընկնում նաեւ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, որը մշտապես ռուսաց լեզվով եթեր է արձակում ստով ու կեղծիքով լի հաղորդումներ: 
1993 թ. «Ռեսպուբլիկա Արմենիի» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերը տպագրել էին «ազգությամբ վրացի, Հայաստանի քաղաքացի, կոչումով պատմաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու» Գեորգի Խոմիզուրիի «26-ի առասպելը» հոդվածաշարը, որն ուղեկցող խոսքում Ռ. Պապայանը որակել էր իբրև «սխրանք»: 

Վերոհիշյալ հոդվածաշարի կապակցությամբ 1993 թ. նոյեմբերի 25-ին և 27-ին «Հայաստան» թերթում տպագրվել է իմ «Ո՞վ է քար նետում ճշմարտությանը կամ` Ստեփան Շահումյանը պաշտպանության կարիք չունի» ծավալուն պատասխանը, որտեղ գրել եմ. «. . . Հենց սկզբից ասենք, որ «ազգությանբ վրացի, Հայաստանի քաղաքացի, կոչումով պատմաբան» Գ. Խոմիզուրիի հոդվածաշարը սկզբից մինչև վերջ նողկալի սուտ է: Ոչ ավել, ոչ պակաս` նա կրկնում է վրաց մենշևիկների, ադրբեջանական մուսավաթականների ու անգլիական գաղութարարների հերյուրանքները Ստ. Շահումյանի հասցեին, որն այնպես կրքոտությամբ պաշտպանում էր Անդրկովկասի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գաղափարը և մերկացնում վրաց մենշևիկներին ու ադրբեջանական մուսավաթականներին այդ բարեկամությանը թիկունքից խփելու համար: 

Վրաց մենշևիկներն ու ադրբեջանական մուսավաթականները մինչև օրս չեն կարողանում հանգիստ մնալ Ստ. Շահումյանի այնպիսի դիպուկ մերկացումների բեռի տակ և ամեն անգամ առիթը բաց չեն թողնում Շահումյանին վարկաբեկելու համար, չխորշելով այդ անվայել գործում անգլիական գաղութարարների հետ համագործակցելուց և հաճախ էլ նույնիսկ նրանցից ավելի առաջ ընկնելով: 
Ստ. Շահումյանը պաշտպանության կարիք չունի: Նա իր բյուրեղյա մաքրությամբ կյանքը դրեց զոհասեղանին` հանուն հայ ժողովրդի անվտանգության, հանուն Անդրկովկասի և Ռուսաստանի կապի պահպանման»: 

Պետք է ցավով նշել, որ մեր իրականության մեջ նույնպես հայտնվում են ազգությամբ իրենց հայ կոչողներ, որոնք աշխատում են հետ չմնալ ադրբեջանցի կեղծարարներից և միացած նրանց, նույնիսկ հայկական առաջին հեռուստատեսությամբ իրենց մաղձն են թափում Շահումյանի հիշատակի վրա, անվանարկում նրա բարի անունը: 

Ես նկատի ունեմ ինքնակոչ կերպով իրեն Հայաստանի անկախության հիմնադիր համարող մեկին, որը հայկական առաջին հեռուստատեսությամբ (Հ1) ունեցած ելույթում Շահումյանին տվել է զրպարտիչ գնահատականներ, ինչի համար ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նորիկ Պետրոսյանն ու հասարակական գործիչ Գեղամ Գալստյանը դատի էին տվել։
Վերոհիշյալ ստահակներից հետ չի մնում նաև մեկ այլ ընտանի կեղծարար Լևոն Շիրինյանը, որը 2010 թ. հրապարակած «Հայ զինական ուժը Առաջին աշխարհամարտի վերջնափուլում» խորագրով լղարիկ գրքույկում (44 էջ) կրկնելով Խոմիզուրիին ու ադրբեջանական մուսավաթական կեղծարարներին, համարձակվում է անվանարկել Շահումյանին, արդարացնելով Բաքվի հայ բնակչության ողբերգության մեջ մեղավոր Ս. Մելիք-Յոլչյանին և Աբրահամ Գյուլխանդանյանին, վերջինիս անվանելով «հայոց ազգային կռվի տաղանդավոր ղեկավար»: 

Լ. Շիրինյանի գրքույկին այսպիսի ուշադրություն դարձրեցի այն պատճառով, որ դրա հրատարակությունը երաշխավորել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ԳԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական խորհուրդները: Որքան ինձ հայտնի է, վերոհիշյալ գիտական խորհուրդներում կան գիտնականի հեղինակությունը պահող ու հարգող բազմաթիվ անդամներ, և միայն զարմանալ կարելի է, թե նրանց ուշադրությունից ինչպես է վրիպել Շահումյանին անվանարկելը և երաշխավորել են այդ գրքույկի տպագրությունը: 

Բաքվում գտնվող Շահումյանի գերեզմանը բարբարոսաբար ավերող ադրբեջանական մուսավաթականների ժառանգորդներից ետ չի մնում նաև մեկը, որը նույնիսկ արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը: Հետևելով ադրբեջանցիների բարբարոսությանը, 2012 թ. փետրվարի 18-ին, Երևանում լույս տեսնող բավական ազդեցիկ «Ազգ» թերթում հրապարակած «Մենք ենք, մեր սարերը» հոդվածում այդ նկարիչը գրել է. «Մնում է մի հուշարձան էլ, բոլշեւկներուն դրածը, որը պետք է տեղափոխվի, դա էլ Ստեփան Շահումյանի հուշաձանն է: Որովհետև Ս. Շահումյանը թեև ծագումով հայ է, բայց ոչ մի բան ըրած է հայ ազգին համար, որ արժանի ըլլար հուշարձան ունենալու պատվին»: 

Նախ ասեմ, որ ինչպես հոդվածագիրը, այնպես էլ նրա հետևորդները սխալվում են, որովհետև Շահումյանի հուշարձանը բոլշևիկների դրած վերջին հուշարձանը չէ: Դեռ մնում են բոլշևիկների դրած շատ հուշարձաններ, որոնց թվում նաև Ծիծեռնակաբերդում կառուցված Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի վերածննդի հուշարձանն է: Եթե հետևենք նրանց դատողությանը, ապա այն ամենը, ինչ ստեղծվել է Սովետական Հայաստանի գոյության 70 տարիներին, ապա պետք է դրանցից հրաժարվել ու ոչնչացնել: Առաջին օրինակը հենց պետք է ցույց տար հոդվածագիրը և հետո նրա հետևորդները` հրաժարվելով Սովետական Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունից ստացած բազում պարգևներներից ու կոչումներից: 

Իմ ուշադրությունը գրաված հոդվածի հեղինակը Սովետական Հայաստանի բոլշևիկյան ղեկավարության կողմից Սովետական Հայաստանի ժողովրդական նկարիչի և այլ պատվավոր կոչումների արժանացած Հակոբ Հակոբյանն է, որն այս տողերը գրելուց ամիսներ անց, 2013 թ. փետրվարին կնքել է իր մահկանացուն: 

Նույն «Ազգ» թերթում 2012 թ. հուլիսի 14-ին հրապարակվել է Ժանետա Հակոբյանի «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» հոդվածը: Հեղինակը մեծագույն հարգանքով ու տակտով, չխախտելով վարվեցողության կանոնները, դիմում է նկարիչ Հակոբյանին և բավական զգուշությամբ նրան բացատրում է, թե ինչու չի ընդունում Շահումյանի հուշարձանը քանդելու պահանջը: 
Դրան հակառակ, 2012 թ. օգոստոսի 25-ին «Ազգ» թերթում տպագրված «Մի տխուր նամակի առիթով» հոդվածի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Երվանդ Տեր-Խաչատրյանը պաշտպանության տակ վերցնելով նկարիչ Հակոբյանին, խախտելով վարվեցողության տարրական նորմերը, շուկայական անողոքությամբ հարձակվում է Ժ. Հակոբյանի վրա, նրան մեղադրում է «ապազգային, ամոթալի նյութեր գրելու» համար և կրկնում է Շահումյանի հասցեին մուսավաթ-մենշևիկյան ստահակ հեղինակների ժառանգորդ Խոմիզուրիի տարածած բամբասանքն ու կեղծիքը, առանց որևէ հիմքի պնդելով, թե Շահումյանը «զինվորագրված է եղել հրեա-մասոնական գաղափարներին»: 

Այդ բանասիրության դոկտորը Շահումյանի խոսքերով ասած`«իր հոդվածով ոտքի տակ է տալիս ազնվությունն ու ճշմարտությունը և կրքից կուրացած, միակողմանիության մեջ է խրվում», և կրկնելով ադրբեջանցի ստահակ պատմահենների հնարած կեղծիքը, այն հայկական թերթի միջոցով ներկայացնում հայ ընթերցողին: 

Վերոհիշյալ ստախոսներին ու կեղծարարներին է հասցեագրել Ստ. Շահումյանը 1918 թ. օգոստոսի 11-ին գրած «Անազնիվ զրպարտիչներ» վերջին հոդվածի վերջին տողերը. «Մեզ համար ավելի կարևոր է գիտակից բանվորների դատաստանը, պատմության դատաստանը, և նա ձեզ համար ավելի սոսկալի կլինի, քան ամբոխի ինքնադատաստանը, որին դուք դիմում եք» (Ստեփան Շահումյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. հինգերորդ, Եր. 1978, էջ 244): 

Իհարկե, խոսքի ազատությունը սահմանափակվում է բարեկրթությամբ, բայց, դժբախտաբար, վերոհիշյալ հեղինակների դեպքում մենք գործ ունենք դրա կոպիտ խախտման փաստի հետ: 

Այդպիսի հեղինակների գրվածքները Շահումյանի խոսքով ասած`«արատ են բերում մամուլի կոչմանը և միմիայն նպաստում են նրա բարքերի անկմանը»: 

Ընթերցողին եմ թողնում դատել, թե ինչ տարբերություն կա ադրբեջանցի մուսավաթական բարբարոս կեղծարարների և իրեն «արվեստագետ» համարող ու նրա նման մտածող տնաբույս գերեզման ու հուշաձան քանդող «դոկտորների» միջև: 
Բայց նաև հարց է առաջանում: Արդյոք պատահական զուգադիպությո՞ւն է, որ մեր ընտանի կեղծարարները հեռուստատեսությամբ և  մամուլում հանդես են գալիս Շահումյանին վարկաբեկելու մոլուցքով, թե՞ դա ադրբեջանցի կեղծարարների հետ համաձայնեցված գործողությունների արդյունք է: 

Ինչպես ասում է Հորացիոսը՝ ամեն ինչին կա սահման, ամեն ինչ ունի իր չափը: Ահա այս պահանջով ղեկավարվելով եւ խորը հարգանք ունենալով ընթերցողների նկատմամբ, կամենում եմ պատասխանել սովետական քաղաքակրթության դեմ վերոհիշյալ բանասիրության դոկտորի և նրա մյուս նմանների հարձակումներին, որոնք պարզապես կորցրել են չափի զգացումը: Նրանք իրենց մաղձը թափելով Շահումյանի վրա, այդ հանգամանքն օգտագործում են վարկաբեկելու սովետական քաղաքակրթությունը, սոցիալիզմը: 

Ստեփան Շահումյանի մասին շատ գրքեր ու մենագրություններ են գրվել ու հրապարակվել: Բայց դժվար է ասել, որ արդեն սպառիչ կերպով բացահայտվել և ուսումնասիրվել է նրա գրական-հրապարակախոսական ամբողջ գործունեությունը:

 

 

Հատված` Վլադիմիր Պետրոսյանի «Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը» գրքի առաջաբանից

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: