Իսլամական պետությունն իրական սպառնալիք Հայաստանի համար

23 Սեպտեմբերի 2015

Իսլամական պետություն անվան տակ գործող ահաբեկչական մեքենան, որն իր խժդժական գործողություններով կարողացավ խախտել Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հայտնի է բազմապիսի անվանումներով (IS, ISIS, ISIL), այսօր արդեն Հայաստանի և հայության ազգային անվտանգության մարտահրավերների մաս է կազմում, այն էլ մեկից ավելի չափորոշիչներով։

Հայաստանի պետությունը կղզիացած երևույթ չէ։ Այն մի տարածաշրջանում է, որն այսօր դիմագրավում է ԻՊ-ի մեծ սպառնալիքին՝ ուղղված շրջանի կայունությանը, բազմատարրությանը, խաղաղությանը, մշակութային ժառանգությանը, հատկապես տարածաշրջանի երկրներում վաղուց հաստատված սահմանագծերում։

Առաջին՝ ԻՊ անմիջական վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքում գտնվող մեր սփյուռքի համար, հատկապես Սիրիայի և Լիբանանի մեր ռազմավարական հենարանի համար։ Իսկ սփյուռքը օրգանապես առնչվում է Հայաստանի լինելիության խնդրին։

Երկրորդ՝ ԻՊ-ն վտանգում է և ապակայունացնում իսլամական աշխարհը, որի օղակի մեջ է գտնվում Հայկական պետությունը։
Երրորդ՝ Հայաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական գոտու մասն է կազմում, որը կապված է իսլամական աշխարհի վայրիվերումների և տրամադրությունների հետ, որոնք էլ անմիջականորեն անդրադառնում են Եվրասիական Միության ներքին խմորումների վրա։

Չորրորդ՝ մեր անմիջական հարևանությամբ գտնվող երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը գործուն դերակատարներ են ԻՊ-ի հետ։ Թուրքիան շատ բարդ խաղ է խաղում․ ԻՊ-ի միջոցով իր ձեռքի տակ է ուզում առնել Հյուսիսային Սիրիան և Հյուսիսային Իրաքի ռազմավարական գոտին՝ բնական հարստություններով։ Միաժամանակ Թուրքիան կիրառում է ԻՊ-ն իր ենթակայության տակ պահելու ռազմավարություն և տարածաշրջանում քրդական ուժը ԻՊ-ի միջոցով մասնատելու քաղաքականություն։ Այս առումով, անխուսափելիորեն վտանգի տակ են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ճակատներում գտնվող մեր դիրքերը։ Հատկապես վտանգված են Մինսկի խմբի բանակցային գործընթացում ներառված հայկական դիրքերը։

Հինգերորդ՝ Իրանի սահմանն իր հատուկ մարտահրավերներն ունի Հայաստանի համար։ Թեև Իրանը ԻՊ-ի ոխերիմ թշնամին է, սակայն այն հեռու է լիովին պաշտպանված լինելուց և հայ-իրանական սահմանն այս առումով գրավիչ է ԻՊ-ի և նրա շուրջ հավաքված ուժերի համար։

Ուզում եմ ավելացնել, որ ԻՊ վտանգն իր այսօրվա գործողությունները չեն միայն։ ԻՊ-ն մեծ հեղաշրջում է բերում իսլամական աշխարհի կյանքի և մտածողության մեջ։ Այն իր ֆաշիզմով վարակում է մեր կենսական տարածաշրջանը՝ Ռուսաստանից մինչև Միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս։ Այդ սպառնալիքը կարող է տարածվել և իր խելագար ալիքի մեջ առնել մեր ժամանակաշրջանը՝ բազմապիսի դրսևորումներով։

Պետք է, վերջապես, ավելացնել, որ ԻՊ «լուծարումը» (եթե նույնիսկ դա հնարավոր լինի) Հյուսիսային Սիրիայի և Իրաքի տարածքներից, դեռ չի նշանակի, որ այն փաստացիորեն կանհետանա տարածաշրջանի կյանքից։ ԻՊ-ն բանալի գործիք է Թուրքիայի ձեռքին։ Այն ստեղծել է Թուրքիան՝ իր ծավալապաշտական քաղաքականության զինարանի համար։ Իսկ Հայաստանն ու Հայ դատը (ինչպես Քրդստանն ու քրդական դատը) գտնվում են այդ աշխարհաքաղաքական ճանապարհի զգայուն կետերում։

 

Կարո Արմենյան

Արևելահայերենի վերածեց Ռուբինա Ռաֆայելյանը

Աղբյուրը՝ http://hairenikweekly.com/2015/09/09/23697

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: