Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի գեղեցիկ ծրագրերը

20 Հունվարի 2016

Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենն այսօր լրագրողներին ներկայացրել է իր նոր ծրագրերը։ Դրանք միտված են մեր հոգսաշատ հասարակությանը մերձեցնելու վաղուց երկրորդ պլան մղված սեփական և համաշխարհային մշակույթին, մյուս կողմից՝ պատկերասրահը այցելուներով  աշխուժացնելուն։  

Արման Ծատուրյանի ծրագրերից է պատկերասրահում գիտակրթական դասընթացներ անցկացնելը։ Նա ցանկանում է Հայաստանի  դպրոցականներին վաղ տարիքից հասու դարձնել  արվեստի, մշակույթի գանձերին։ Դրա համար տնօրենը մտահղացել է պատկերասրահում գիտակրթական դասընթացներ կազմակերպել  դպրոցականների համար, որոնց ընթացքում երեխաները կարող են կրթվել պատկերասրահի ավելի քան 50 ցուցասրահում:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղարը, գլխավոր ֆոնդապահը։ Նրանք խոսեցին 2015-ին պատկերասրահում և նրա մասնաճյուղերում բացված ավելի քան 60 նոր ցուցահանդեսների մասին, արտասահմանյան մի շարք երկրներում բացված ցուցահանդեսների մասին, որոնց մասնակցել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահը՝ ցուցադրելով մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունները:

Նրանք ասացին նաև, որ այդ ցուցահանդեսների զգալի մասը նվիրված էր Հայոց ցողասպանության 100-ամյակին։ Դրանք ներկայացվել են «Վկայություն», «Գաղթ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Ապրելո՛ւ ենք», «Պատասխան 100 տարի անց» խորհրդանշական խորագրերով:

2015 թ․-ին պատկերասրահ և 13 մասնաճյուղ են այցելել  շուրջ 85 հազար մարդ:

Պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը խոսեց բոլորին շատ հետաքրքրող հարցի՝ պատկերասրահից անհայտացած, ավելի ճիշտ գողացված նկարների և նմուշների մասին։ «Պատկերասրահի գոյության ընթացքում կորելեն ընդամենը 164 թանգարանային առարկաներ: Թեև անգամ մեկ առարկայի կորուստը շատ մեծ է, բայց ասում եմ ընդամենը, որովհետև երբ մենք համեմատում ենք ուրիշ թանգարանների հետ․․․ Հիմնականում այդ առարկաները կորել են կա՛մ ցուցադրությունից, կա՛մ առարկաները տրված են եղել այլ կազմակերպությունների՝ ժամանակավոր ցուցադրության, իսկ այնտեղից չեն վերադարձրել: Մենք շատ ցավալի դեպք արձանագրեցինք, որի մասին հայտնեցինք իրավապահներին, երբ մեր պահոցից քանդակներ կորան»: Խոսքը Հակոբ Գյուրջյանի քանդակների մասին է, որոնք գողացել են դեռ 2011 թվականին:

Այդ ամոթալի փաստերի մասին Արման Ծատուրյանն ասաց․ «Նույնիսկ աշխարհի առաջատար թանգարաններից են գողանում: Դա բացառելը  շատ դժվար է: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում և միջանցքներում ծրագրում ենք այս տարի տեղադրել շուրջ 120 տեսախցիկ»:

Լրագրողների հետ հանդիպումը տնօրենն ավարտեց հուսադրող մի փաստով․բարերարների շնորհիվ մեր պատկերասրահի հավաքածուն համալրվել է 78 նոր ստեղծագործություններով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ