Երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովի բացումը

28 Նոյեմբերի 2015

Նոյեմբերի 27-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչ-ների «Ապագա» խորագիրը կրող համահայկական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ  սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունը  երիտասարդների շրջանում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ միտված երիտասարդների ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ, քանի որ դուք եք մեր երկրի ապագայի տերը, և դուք՝ որպես առողջ սերունդ, պատասխանատու եք մեր երկրի հզորացման և կայուն զարգացման համար: Վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է անել ամեն ինչ ձեզ այդ հարցում օգնելու և աջակից լինելու համար»,- ասել է նախարարը:

Նշենք, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ բացահայտել և համախմբել գիտության, իրավունքի, քաղաքականության, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայազգի ակտիվ երիտասարդների ներուժը և քննարկել նրանց կողմից Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունը, նպաստել մայրենի լեզվի և ազգային ինքնության պահպանմանը, ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը:

Համաժողովին մասնակցում են շուրջ 70 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ