Կազմվելու է Վանի պատմամշակութային գույքացուցակը

18 Նոյեմբերի 2015

«Դիջլե» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Վան քաղաքի քաղաքապետարանը քաղաքի մշակութային գույքացուցակը կազմելու ուղղությամբ աշխատանքներ է սկսել։ Այդ աշխատանքների ծիրում արձանագրվել է Շախուրփ մատուռը, Աղընի դիտաշտարակը և այլ հուշարձաններ, որոնք մինչև այժմ արձանագրված չեն։

Վանի քաղաքապետարանի հետազոտությունների և նախագծերի վարչությունը քաղաքի մշակութային գույքացուցակը հայտնաբերելու և ապագա սերունդներին փոխանցելու համար կարևոր աշխատանքներ է սկսել։ Հիմք ունենալով արխիվային և աղբյուրագիտական հետազոտություններից ձեռքբերված տեղեկություններն ու Վանի շրջանի պաշտպանության խորհրդի գրանցամատյանը, կատարված աշխատանքների մասին ընթերցումներ են կազմակերպվել։

Մասնագետները քաղաքի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ աշխատանքներ են կատարել, որի շրջանակներում կազմվել է քաղաքի «Անշարժ գույքացուցակի արձանագրության քարտ»։

Մշակութային ժառանգության GPS համակարգերը վերցնելով, կատարել են թվային տվյալների արձանագրություն, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր անշարժ գույքի համար։ Քաղաքապետարանը արձանագրել է այն կոթողները, որոնք անցյալում արձանագրված չէին։

Առաջին հայացքից, կարծես, հիանալի աշխատանք է կատարվում, հատկապես, որ հաղորդվում է, թե այդ ամենը հրատարակվելու է գրքում, որում լինելու է նաև քարտեզ։ Սակայն հուշարձանների պատմությունն, արդյոք, ճշմարտացիորեն կներկայացնեն թուրք մասնագետները։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ