Արխիվ Հոկտեմբերի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի:

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո՛, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ո՛չ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին` Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո՛, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո՛, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»։


 

Բաժին՝ Հայաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

 

Բաժին՝ Աշխարհում

21-րդ դարը դեռ նման պատերազմ չի տեսել՝ փաստում են ռազմագետները, քանի որ այս մարտերում ներգրավված են բոլոր հնարավոր զինատեսակներ՝ տանկեր, ԱԹՍ-ներ, հրթիռային հրետանի, ավիացիա և մեծ թվով զորքեր: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին վարչապետը խոսել է շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում մեծածավալ ռազմական գործողություններ: Շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ՝ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմելու համար:

Բոլորի համար է պարզ, հրադադարը ոչ թե չպահպանվեց, այլ առհասարակ՝ կյանքի չկոչվեց: Հրադադարից րոպեներ անց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց նոր ուղղություններով՝ հստակեցնում է Փաշինյանը: Փոխզիջումների Հայաստանը միշտ էլ պատրաստ է, բայց փոխզիջում բառը ենթադրում է՝ զիջման պետք է գնա երկու կողմը, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի:

Նիկոլ Փաշինյան - Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար:

Այն, որ Հայաստանը պատրաստ էր զիջումների՝ փաստում է նաև 2011 թ. կազանյան գործընթացը: Ադրբեջանը սակայն հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, որովհետև նախատեսված էր մի ընթացակարգ, որով Լեռնային Ղարաբաղը կարող էր ինքնորոշվել, այսինքն՝ ճշգրտել սեփական կարգավիճակը:

Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից:

RTS-ից հետաքրքրվում են վարձկանների ներկայությունը փաստող ապացույցների մասին: Դրանք արդեն հրապարակված են՝ ասում է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան -  Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, կոպտագույն խախտում է:

Երբ պաշտպանության բանակը կանխարգելիչ և զսպող հարված էր հասցրել Գյանջային, Ադրբեջանի իշխանությունը կազմակերպել էր օտարերկրացի դեսպանների այցն այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տար, թե ինչ է տեղի ունենում: Սակայն այս 20 օրում ոչ մի օտարերկրյա դիվանագետ չի այցելել Լեռնային Ղարաբաղի քաղաքներ, որտեղ հրթիռակոծվել են բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել են խաղաղ բնակիչներ: Վարչապետը պատասխանել է նաև Շվեյցարիայից ակնկալիքների մասին հարցին:

Նիկոլ Փաշինյան- Ժնևի քաղաքային խորհուրդը մի բանաձև ընդունեց, որում արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան, և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում են գոյութենական վտանգի առաջ, այսինքն՝ հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:

Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Խորհրդակցություններ Ռուսաստանի հետ միշտ են լինում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Կան նաև հայտարարություններ, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ռուսաստանի դերը սակայն ավելի մեծ է՝ շեշտում է վարչապետը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Բաժին՝ Հայաստանում

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

 

Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ օբյեկտիվորեն հասունացել է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը դեպի հարեւան երկրներ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով: Մեր այս վերլուծական մշակման մեջ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքների կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության գոտում այս պատերազմը եւ թե ի՞նչ նոր սպառնալիքների է դիմակայում հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը:

Հարավային Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ

Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Իրանի միջեւ 200-ամյա պատերազմներից հետո 1639թ. հաշտության պայմանագրի հիման վրա գծվեց մի սահման, որն ի թիվս այլոց, բաժանեց Հայաստանը երկու կայսրությունների միջեւ, վերջնականապես ձեւավորելով Արեւմտյան (տաճկական) Հայաստանը եւ Արեւելյան (պարսկական) Հայաստանը: 1829թ. հերթական ռուս-թուրքական պատերազմից հետո, Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միանալու արդյունքում, սահմանը, որն ավելի վաղ էր գծվել, պահպանվեց եւ պարսկական Հայաստանը սկսեց անվանվել Ռուսահայաստան: 200 տարի Ռուսաստանը եւ Օսմանյան կայսրությունը պատերազմել են Փոքր Ասիայի վերահսկողության համար: Այդ պայքարի նպատակներից մեկն էլՙ Տաճկահայաստանի նկատմամբ վերահսկողությունն էր: 90 տարվա մեջ ռուսական զորքերը չորս անգամ կայսրությանն են միացրել այդ տարածաշրջանը, սակայն դիվանագիտական վայրիվերումների եւ արեւմտյան տերությունների ճնշման արդյունքում հեռացել են նվաճված տարածքներից, ամեն անգամ իրենց հետ ռուսական Կովկաս բերելով տասնյակ հազարավոր հայ գաղթականների եւ նրանց փոխանակելով դեպի օսմանյան տարածքներ հեռացող մահմեդական-լեռնականների հետ: Ռուսաստանյան կայսրությունը Կովկասը միշտ էլ համարել է իր կարեւոր մասը եւ ձգտել է ընդլայնել իր ազդեցությունը այս տարածաշրջանում: Եվ այն ժամանակներում, երբ գլոբալ ցնցումների հետեւանքով Ռուսաստանը թուլացել է, Թուրքիան մշտապես փորձել է խախտել 300 տարվա ընթացքում սահմանված քաղաքակրթական սահմանները եւ տարածել իր ազդեցությունը Անդրկովկասի եւ Միջին (Կենտրոնական) Ասիայի վրա: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանյան կայսրության հանդեպ քրիստոնյա հայերի բարեհաճ վերաբերմունքի պատճառով Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը ցեղասպանության ենթարկեց Արեւմտյան Հայաստանի բնակչությունը եւ հայ ժողովրդի այդ հատվածը դադարեց գոյություն ունենալ: 1918-1920թթ., օգտվելով Անդրկովկասից Ռուսաստանի ժամանակավոր հեռացումից, Թուրքիան երկու անգամ պատերազմել է հենց նոր ձեւավորված Հայաստանի Հանրապետության հետ եւ նույնպես հենց նոր ձեւավորված ադրբեջանական պետության հետ դաշնակցածՙ սահմանափակեց Հայաստանը 10000 քառ. կմ-ում: Արեւելյանՙ ռուսական Հայաստանի հայությունը կրկին հայտնվեց ֆիզիկական բնաջնջման վտանգի առջեւ:

Բոլշեւիկյան Ռուսաստանը, վերադառնալով նախկին Ռուսաստանյան կայսրության տարածքներ, այդ թվում Անդրկովկասում, վերադարձրեց նաեւ հայաբնակ տարածքները (բացի Կարսի մարզից եւ Սուրմալուի օկրուգից Արարատ լեռամբ հանդերձ, որոնք նախկինում նրան էին պատկանում) եւ ձեւավորեց Խորհրդային Հայաստանը մոտ 30000 քառ. կմ. տարածքով: Այսպես, հաջորդ 70 տարիների ընթացքում վերահաստատվեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ախուրյան եւ Արաքս գետերը սահմանազատեցին խորհրդային տարածքները հարեւան Թուրքիայից եւ Իրանից:

Նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը կրկին անկախացան: Ռուսաստանը (ռազմական առումով) հեռացավ Վրաստանից եւ Ադրբեջանից, իսկ Հայաստանը դարձավ նրա ռազմաքաղաքական դաշնակիցը: Ձեւավորված ռազմական եւ քաղաքական վակուումը անմիջապես լցրին Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն եւ Թուրքիան (որը իրեն հռչակել էր այս երկու ուժային կենտրոնների ուժեղ դաշնակից) կրկին սկսեց իր փորձերը դեպի Հարավային Կովկաս եւ այնուհետեւ Կենտրոնական Ասիա ընդլայնման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ այսօր Թուրքիայում բացեիբաց քննարկում են դեպի Ռուսաստանի Հյուսիսային Կովկաս եւ Կասպյան-Վոլգյան տարածաշրջան ընդլայնվելու անհրաժեշտությունը:

Այս պատմական տեղեկանքն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հարգարժան ընթերցողին հասկանալի լինի, թե ինչի՞ վրա է այսօր հենվում Մեծ Կովկասյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, եւ ի՞նչ տրամաբանական ուղղությամբ է զարգանում ռազմաքաղաքական իրավիճակը, սպառնալով հիմնովին ոչնչացնել այդ հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական աղետի հետեւանքում:

Դեպի Արեւելք Թուրքիայի ընդլայնման ժամանակակից ծրագրերը

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ.Թ.Էրդողանը եւ նրա զինակիցները չեն թաքցնում իրենց ձգտումը եվրասիական տարածքում նախկին Օսմանյան կայսրության ազդեցությունն ու հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը նույնիսկ ստացել է իր քաղաքագիտական անվանումըՙ «նեոօսմանիզմ»: Թուրքական առաջնորդի մերձավորագույն խորհրդականներից մեկը նույնիսկ համադրույթ է ստեղծել մուսուլմանական նոր կոալիցիա ձեւավորելու մասին, որը կներառեր 61 իսլամական պետություն մեկ մեծ համադաշնության մեջ եւ որի մայրաքաղաքը կդառնար Ստամբուլը: Այդ համադաշնությունը նեոօսմանցիների մտահաղացմամբ պետք է դառնա ժամանակակից աշխարհի գերտերություններից մեկը: Սիրիայում, Լիբիայում, Իրաքում հակամարտությունների միջամտելու փորձերին զուգահեռ, մկաններ խաղացնելով Պարսից ծոցում եւ արեւելյան Միջերկրականում, թուրքական ռազմաքաղաքական ծրագրավորողները ներթափանցեցին նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտի: Ադրբեջանին օգնելով զինուժով, սպառազինությամբ, դիվանագիտական եւ քաղաքական հովանավորությամբ, ինչպես նաեւ այդտեղ տեղափոխելով ավելի քան 1450 ջիհադական վարձկանՙ Սիրիայի հյուսիսում թուրքական ազդեցության գոտում բնակվող թուրքոմանների (թյուրքմեն) թվից, Թուրքիան ձգտում է օգտագործել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը Ադրբեջանի ուղղությամբ իր էքսպանսիայի համար, ինչպես նաեւ վերջնականապես ճնշելու Հայաստանն ու Արցախը, ոչնչացնելով դրանք որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն: Հասկանո՞ւմ է արդյող Ադրբեջանը, որ մանրադրամ է դառնում թուրքական ընդլայնման գլոբալ խաղի մեջ: Իհարկե՛ հասկանում է: Սակայն հակահայկական հիստերիայի եւ հայատյացության քաղաքականության ընդհանուր համապատկերում, ձգտելով այս անգամ ֆիզիկապես ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայությունը եւ ցանկանալով ինչքան կարելի է շատ վնաս հասցնել Հայաստանին, հիմնվելով 30 տարի առաջ հռչակած «մեկ ազգՙ երկու պետություն» քաղաքականության վրա, Ադրբեջանը ձգտում է թե՛ լուծել իր հարցերը Արցախում, թե՛ միաժամանակ դառնալ թուրքական ընդլայնման քաղաքականության ուղեկցորդ, ինչպես մի գաղափարախոսության, որը ներկայանում է իբրեւ ավելի ու ավելի մեծ թափ հավաքող ժամանակակից պանթյուրքիզմ:

Առաջին աշխարհամարտի շրջանում երիտթուրքերին հաջողվեց ոչնչացնել արեւմտահայերին եւ դրանով վերացնել դեպի Արեւելք պանթուրանական տարածման ճանապարհին գտնվող բնական պատնեշը: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը, նույնիսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին, այլեւս չի կարող դիտարկվել իբրեւ արգելք ժամանակակից պանթյուրքիզմի ծավալման համար: Սակայն ադրբեջանական ռազմադիվանագիտական եւ քարոզչական մեքենան արել է ամեն ինչ, որպեսզի ներկայացնի Հայաստանը որպես թյուրքական եւ իսլամական աշխարհի թշնամի: Այս ամենին ուշադրությամբ եւ մտահոգված ետեւում է հարեւան Իրանը, որը մի շարք պատճառներով չի կարող գոհ լինել իր հյուսիսային սահմանների երկայնքով Թուրքիայի անընդհատ մեծացող ազդեցությունից:

Ռուսաստանի համբերությունը եւ նրա առաքելությունը

Ի՞նչ է անում Ռուսաստանը: Ռուսական էսթաբլիշմենթը լավ է տիրապետում ռուս-թուրքական նախկին դիմակայության եւ նոր թուրքական ախորժակների պատմությանը եւ գաղափարախոսական հիմքերին: Մեր թվարկած պատերազմների տրամաբանությունը սովորեցրել է ռուսական դիվանագիտությանը վերին աստիճանի զգուշությամբ արձագանքել Թուրքիայի գործողություններին եւ աշխատել առանց հատուկ անհրաժեշտության չպատասխանել սադրանքներին, որոնք կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը ահռելի եվրասիական տարածքներում: Հետաքրքրական է, որ փորձելով զարգացնել Եվրասիական տնտեսական միության զարգացման հաջողությունը եւ մշակելով նրա զարգացման ռազմավարությունները մինչեւ 2025թ., Ռուսաստանն առաջարկում է Մեծ եվրասիական գործընկերության համադրույթը, որը տեսականորեն ուղղված է Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների (այդ թվում Հայաստանի), Չինաստանի, Հնդկաստանի, Իսլամական աշխարհի ու նաեւ (ինչը նույնպես սկզբունքային է) Եվրոպական Միության միջեւ տնտեսական համագործակցության հաստատում: Ռուսաստանի առաջարկություններն այդ գլոբալ տնտեսական գործընկերության մասին անվիճելիորեն ուղղված են դեպի կառուցողական հունՙ սուբլիմացնելու թյուրքական մերձեցման ներուժը եւ փորձելու կանխատեսելի ու հնարավորինս վերահսկելի դարձնելու թուրքական տարածումը: Ռուսաստանն այսօր աշխարհի 6-7-րդ տնտեսությունն է: Թուրքիանՙ 17-րդ տնտեսությունը: Ռուսաստանը չի ուզում ճակատային բախման մեջ հայտնվել Թուրքիայի հետ, եւ դա ակնհայտ է: Սակայն, իրավիճակը Սիրիայում եւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ակնհայտորեն պահանջում են Ռուսաստանի համարժեք արձագանքներ: Հստակորեն կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանը չի կարող ներգրավված լինել Սիրիայում խաղարարար գործընթացում, եւ միեւնույն ժամանակ, ինքնապատնեշվել Ղարաբաղում խաղարարար առաքելությունից: Ադրբեջանի տարածքի վերածումը ջիհադական ահաբեկչության բույնիՙ հստակորեն պահանջում է համարժեք ռազմաքաղաքական միջամտություն շահագրգռված պետությունների կողմից: Ռուսաստանը, որպես կովկասյան երկիր, աշխարհի առաջատար բոլոր տերություններից ամենաշատն ունի ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Սակայն նա միայնակ չի կարող դատավոր լինել այս հակամարտության մեջ:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նրան ուղղակի թույլ չեն տա դա անել: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին ի զորու է ստիպել հակամարտող կողմերին (կոնկրետ Ադրբեջանին) դադարեցնել ռազմական գործողությունները եւ անմիջապես հակամարտության գոտուց դուրս բերել թուրք զինվորականներին եւ ջիհադական ահաբեկչական կազմավորումները:

Եվ վերջինը: Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական տանդեմը մի խորամանկ արեւելյան ինտրիգ էր հյուսում, որի համաձայն Հայաստանը պետք է հեռանար Ռուսաստանից գլոբալ Արեւմուտքի հետ մերձենալու նպատակով եւ դադարեր լինել Ռուսաստանի հուսալի, կանխատեսելի, հավատարիմ դաշնակիցը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Գուցե, այդ թվում նաեւ այդ ինտրիգը թերագնահատելու արդյունքում, նաեւ Հայաստանի որոշակի անգործության հետեւանքով, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքական շրջանակներում հնարավոր դարձավ հավասարեցնել ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին եւ ռազմավարական գործընկեր (որը, սակայն, ի տարբերություն Հայաստանի չի հանդիսանում ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ) Ադրբեջանին: Ադրբեջանական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանում շատերին ներշնչել, որ Հայաստանը չի կարող դաշնակցի դեր տանել, իսկ Ադրբեջանը (որը չի ուզում լինել Ռուսաստանի պաշտոնական դաշնակից) այնուամենայնիվ հանդիսանում է ավելի նախընտրելի եւ ցանկալի գործընկեր: Այսօր, երբ հայերը կռվում են ադրբեջանական, թուրքական եւ վարձկան ուժերի դեմ, շատերը կրկին իրապես սկսեցին գնահատել իրավիճակը, հասկանալ տեղի ունեցողի աշխարհաքաղաքական էությունը եւ հասկանալ, որ չի կարելի հայերին զոհաբերել թուրք-ադրբեջանական տանդեմին: Մի հարգված ընկերոջՙ հայ լրագրող-քաղաքագետի պատկերավոր արտահայտությամբ, եկել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները վերալիցքավորելու պահը, համարժեք պատասխան տալու նպատակով ժամանակակից մերձավորարեւելյան սպառնալիքներին: Հայաստանի թուլացումը սպառնում է ավերել վերջին հարյուր տարում մեր տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից, նրա սեղմումը դրանով չի վերջանալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , պատասխանելով արտասահմանյան լրագրողների հարցերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների արդյունքում հստակ ասել է, որ եթե Հայաստանը դառնա ագրեսիայի զոհ, ապա Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտքը: Այսօր թվում է, պետք է սպասել Ռուսաստանի ավելի մեծ ակտիվության: Իբրեւ կովկասյան տերություն նա կարող է աճող ակտիվություն դրսեւորել համախմբելու համար Մինսկի խմբի ուժերն ու դերակատարությունը եւ խստորեն պահանջելու անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ թույլ չտալ պատերազմի տարածումը դեպի նոր գոտիներ:

Կարծում ենք, որ եկել է ժամանակը նոր բովանդակություն եւ նոր հնչողություն հաղորդելու հայ-ռուսական դաշինքին, նկատի ունենալով նոր իրողություններն ու սպառնալից հեռանկարները:

azg.am

Բաժին՝ Աշխարհում
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020 21:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով: Ներկայացնում ենք վարչապետի ուղերձի ամբողջական տարբերակը:

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր:

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը:

Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ և վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար:

2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի համար:

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ և ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակն ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ:

Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ և հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և հետևաբար՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ, իբր հանուն խաղաղության, եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո՝ գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում:

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին:

Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից:

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն, ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հարցը շուտափույթ ձևով կարգավորելու տրամաբանությամբ:

Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձևավորմանը:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ:

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով:

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների և հատկապես մայրերի առաջ և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի:

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը և մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը:

Բայց այսօրվա իմ ուղերձի հիմնական նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, և այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը:

Եվ ուրեմն անհրաժեշտ է արձանագրել, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ջանքեր են գործադրել և գործադրում հրադադարի հաստատման հասնելու ուղղությամբ: Ընդունվել է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը:

Ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին այս ընթացքում գործադրած և հետագա բոլոր ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի սանձազերծման հենց առաջին օրերից իրերն իրենց անունով կոչելու վճռականության և հետագա ջանքեր գործադրելու պատրաստակամության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել: Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, և համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն:

Եվ մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ցանկանում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար:

Այս ջանքերը, սակայն, մինչև օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետև խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը:

Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, մեր մյուս նահատակների և հերոսների հոգիները, ոգին և ուժը մեզ հետ են այսօր:

Այսօր հայությունը համախմբված է, քան երբևէ. հարյուր հազարավոր հայեր այս օրերին ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և Արցախին:

Սփյուռքի հարյուրավոր համայնքներում այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում:

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան:

Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը:

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե Հայոց բանակը,

Կեցցե Հայոց կամավորը,

Կեցցե Հայոց սփյուռքը,

Կեցցե Հայ ժողովուրդը:

Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում, Ազատ և Երջանիկ Արցախում:

Փառք հերոսներին»,- իր ուղերձում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Բաժին՝ Հայաստանում

Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ աշխատակազմից:

«Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:

Կյանքից հեռացավ մի մարդ, ով անչափ սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մարդ, ով անձնվիրաբար նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ընտանիքին: Արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանի ընտանիքում էր, որ ձևավորվեց Երվանդի՝ որպես իսկական հայրենասերի կերպարը, ով իր կյանքը չտարանջատեց Արցախի ճակատագրից, հենց ընտանիքում նա դարձավ իր հանրապետության իսկական քաղաքացի: Եվ երբ Արցախի Հանրապետության վրա նոր վտանգ կախվեց, Երվանդը, առանց երկմտելու և հապաղելու, հետևեց իր ավագ եղբոր՝ Նորայրի օրինակին, ով հազիվ պատանի հասակում դարձավ 1992-94 թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, իսկ 2016թ. ապրիլին որպես կամավոր մասնակցեց պատերազմին ու նահատակվեց: Երվանդը արժանի եղավ իր հերոս եղբոր հիշատակին՝ իր կյանքը նվիրելով հանուն Արցախի անկախության և իր հայրենակիցների արժանապատիվ կյանքի:

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջիյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով: Լինելով պարտաճանաչ անձնավորություն՝ նա անմնացորդ նվիրվում էր աշխատանքին, կիրառում էր մասնագիտական ողջ գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար: Մեր գերատեսչության բոլոր աշխատակիցները մշտապես առանձնացնում էին նրա՝ որպես կիրթ անհատի կերպարը, ընդգծված պարկեշտությունն ու առաքինությունը, գործընկերների նկատմամբ հարգանքը, նրանց կարծիքը լսելու և գնահատելու ունակությունը:

Մեր ընկերոջ և գործընկերոջ` որպես իսկական հայրենասերի, պրոֆեսիոնալ և լավ մարդու վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Երվանդ:

Այս դժվար պահին Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Երվանդի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց ոգու կորով, արիություն և համբերություն»:

 galatv.am
 
Բաժին՝ Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

 «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները:

ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

1lurer.am

Բաժին՝ Աշխարհում

Ծանր տեխնիկայով Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օպերատիվ մարտավարական «Լորա» հրթիռով: Հայաստանն արժանի պատասխան տալու բարոյական իրավունք ունի՝ ասում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետը:

Վլադիմիր Եվսեև (Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ռազմական փորձագետ) - Եթե Ադրբեջանը չսթափվի և կանգ առնելու որոշում չկայացնի, անկախ նրանից, որ արդեն կորուստների ու վիրավորների թիվն անցնում է տասը հազարը, ուրեմն այդ դեպքում Հայաստանը պատասխան հարվածի լիարժեք իրավունք ունի:

Պետք է անարգանքի սյունին գամել խաղաղ բնակիչների արյունը թափելու համար ու ենթարկել պատասխանատվության միջազգայնորեն, ասում է Վիկտոր Լիտովկինը:
 

Վիկտոր Լիտովկին (ռազմական փորձագետ) - Խաղաղ բնակչության սպանությունը ցանկացած պատերազմում հանցագործություն է, հատկապես, երբ խիտ բնակեցված շրջաններ են տեղափոխում այդ պատերազմը՝ խլելով երեխաների, կանանց, մեծահասակների կյանքը: Սա Ժնևյան բոլոր կոնվենցիաների կոպտագույն խախտում է, ինչի համար պատասխանատվության պետք է ենթարկվեն:

Ըստ Եվսեևի՝ նոր պատերազմը նոր տարածքներ կբերի հայկական կողմին, որից հետո կարող են արդեն անցնել բանակցությունների:

Վլադիմիր Եվսեև - Ես շատ հպարտ եմ հայ զինծառայողների տոկունությամբ: Նրանք ոչնչացրին 400 միավոր զրահատեխնիկա. դա Ադրբեջանի ունեցած զինտեխնիկայի մեկ երրորդն է, իսկ կորցրածը արագորեն չեն կարող վերականգնել:

Ադրբեջանը դադարում է սուվերեն պետություն լինելուց՝ դառնալով Թուրքիայի խամաճիկը:

Վլադիմիր Եվսեև - Քաղաքական շատ լուրջ սխալ է՝ համաձայնել շուրջ մեկուկես հազար իսլամիստների իր տարածք բերելուն, որոնք կարող են նախ հայերի դեմ կռվել, հետո գնալ տապալելու Ալիևին, քանի որ երկրում միջկրոնական և ազգամիջյան լուրջ հակասություններ կան: Նախևառաջ հենց ազգային փոքրամասնություններին են ստիպում գնալ ճակատ:

Վիկտոր Լիտովկին - Ահաբեկիչները ոչ միայն Հարավային և Հյուսիսային Կովկասի, այլև ամբողջ տարածաշրջանի և Ռուսաստանի համար են մեծ վտանգ ներկայացնում: Պետք է և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մաքրել նրանցից:

Թուրքիան հայտարարությունների և կոչի լեզու չի հասկանում, նրա դեմ պետք է կիրառվեն կոշտ միջոցներ՝ նախ զենքի լեզվով, ապա ուժեղ հարվածներ տնտեսությանը՝ պատժամիջոցների կիրառմամբ, միայն այդ ժամանակ Էրդողանն ուշքի կգա:

Վլադիմիր Եվսեև - Միայն բառերով թուրքերը չեն հասկանում, իսկ երբ Թուրքիայի տարածք են վերադառնում ահռելի քանակի սպանված զինծառայողներ, այդ դեպքում բոլորին պարզ է դառնում՝ Թուրքիան չպետք է մասնակցի: Ռուսաստանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ ամբողջ Հարավային Կովկասում Թուրքիային զսպելու համար, քանի որ նա ակտիվորեն ռադիկալ իսլամի տարածմամբ է զբաղված, ինչը Ռուսաստանի համար ակնհայտ խնդիրներ է ստեղծում:

Այլևս սպասել չի կարելի, պատերազմը շատ ձգձգվեց, Ադրբեջանի փաստացի ղեկավարը Էրդողանն է, եկել է ժամանակը, որ Ռուսաստանը Հայաստանին լայնամասշտաբ ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերի՝ ասում է ռազմական փորձագետը, քանի որ հայերը կռվում են ահաբեկիչների դեմ:

Հեղինակ`Մերի Եգորյան
Բաժին՝ Հայաստանում

Թուրքական գործոնը փոխեց աշխարհաքաղաքականությունը։ Եթե հիմա խնդիրը հիմնովին չլուծվի, ուրեմն ապագայում արդեն ամբողջ Կովկասի խնդիրը լուծելու առաջ ենք կանգնելու։ Տարածաշրջանն ապակայունացնելու պատասխանատուները պիտի պատժվեն՝ ասում է Ստանիսլավ Տարասովը:

Ստանիսլավ Տարասով (Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ) -

«Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել: Մեր հաշվարկներով՝ Թուրքիան հույս է դնում բլից-կրիգի վրա։ Ադրբեջանցիները սցենարով, այսպես ասած, «հակահարձակում» էին նախապատրաստել, իրենց հաշվարկներով՝ պետք է բեկում անեին 200-300 կմ՝ վերցնելով գոնե 1-2 շրջան։ Նրանց չհաջողվեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության սահմանը, նրանք մխրճվել են լեռներում ու մնացել, մեծ կորուստներ են կրում: Իրենց առջև դրված խնդիրը նույնիսկ միջին պլանով չեն կատարել»։

Այն, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի Արցախի դեմ, ի տարբերություն 2016-ի ապրիլի, անսպասելի չէր ոչ մեկի համար՝ հաշվի առնելով Ալիևի հռետորաբանությունը:

Ստանիսլավ Տարասով - «Մոսկվայում մենք գիտեինք, որ պատերազմ  է սկսվելու։ Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ Ալիևը գնաց այդ քայլին՝ հենց այս պահին Թուրքիայի հետ միանալով, և ինչու հենց հիմա որոշեց Պուտինին տրված պատերազմ չսկսելու խոսքը դրժել»։

Փաշինյան-Պուտին հեռախոսազանգեր, ԱԳՆ մակարդակով մշտական կապեր կան բոլոր կողմերի հետ, բայց հեռախոսային կապ առ այսօր չի եղել Պուտինի և Ալիևի միջև։ Ադրբեջանի ղեկավարը կդիմի Վլադիմիր Պուտինին այն ժամանակ, երբ հասկանա, որ այլևս ռեսուրսներ չունի։ Իսկ ռազմական փորձագետ Կոնովալովը վստահ է՝ պատերազմ սանձազերծող Ադրբեջանն արդեն սպառել է իրեն և հնարավորությունները 

Իվան Կոնովալով (Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ) - «Իրավիճակը պիկին է հասել, ակնհայտ է, որ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, չունի բավականաչափ ռեզերվ որևէ լուրջ հաջողության հասնելու համար։ Առաջին օրվա պահը բաց են թողել։ Եվ ուրեմն պետք է ընդունեն ռազմաքաղաքական իրաակնությունն ինչպիսին այն կա, պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և բնականաբար դա տեղի կունենա»։

Մարտի դաշտում իրավիճակն Ադրբեջանի համար այնպիսի ընթացք է ստացել, երբ եկել է բանակցությունների ժամանակը։ Հաշված օրերից կմոտենանք կրակի դադարեցման նոր համաձայնագիր կնքելու պահին։ Ադրբեջանի կողմից արդեն սկսել են հնչել  բանակցությունների մասին հայտարարություններ, դե իհարկե որոշակի նախապայմաններով, բայց սա ազդանշան է, որ մի քանի օրից դիրքորոշումը ևս կփոխվի ու ստիպված կսկսեն համաձայնության եզրեր փնտրել, ասում է փորձագետը։ Եթե հանկարծ ռազմական գործողությունների թատերաբեմն ընդարձակվի՝ ներառելով Հայաստանը, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը կսկսեն գործել։ Ռուսաստանն առայժմ ձեռնարկում է զգուշավոր քայլեր՝ կողմերին ինչ-որ համաձայնության բերելու համար, ասում են փորձագետները։ Հիմա ամեն ինչ կախված է լուրջ կազմաձևումներից։ Ռուսաստանը հետևում է, ելույթ է ունենում, կոչ է անում, բայց կարող է նաև պատժել։ Պատերազմն այլ բնույթ է ստանում։

Ստանիսլավ Տարասով - «Թուրքերը հասկանում են, որ իրենք անուղղակիորեն բախվում են Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։ Իսկ մենք՝ Ռուսաստանը, ունի Սիրիա, Լիբիա, մենք միշտ էլ կարող ենք պատժել թուրքերին և մենք կգտնենք՝ դա որտեղ անել»։

Թուրքիան, ակնհայտորեն, Ադրբեջանին հրահրեց պատերազմի։ Էրդողանը հույս ուներ ճնշում գործադրել Պուտինի վրա, Ալիևին մի կողմ թողնելով՝ սկսեց խոսել մեկ-միասնական պետության մասին։ Ամենայն հավանականությամբ, նա փորձում է Կովկասը որպես խաղաքարտ օգտագործել Սիրիայում կամ Լիբիայում՝ եզրակացնում է փորձագետը։ Բայց այս անգամ էլ հնարավոր է, ինչպես 20-ականներին, թուրքերն առանց կռվի հանձնեցին Ադրբեջանը բոլշևիկներին, այնպես էլ հիմա Ալիևին առանց կռվի կհանձնեն։

Ստանիսլավ Տարասով - «Հայերի համար սա սրբազան պատերազմ է, ադրբեջանցիների համար ընդամենը ռեվանշ, պայքար ներքին իշխանության ամրապնդման համար, աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Հաղթում է նա, ում ոգին ուժեղ է, իսկ հայերը լավ մարտիկներ են։ Ռազմական փորձագետների գնահատականներով, ինչպես Սիրիայում ու Լիբիայում թուրքական բանակը, ադրբեջանականն էլ Ղարաբաղում դեռ այնքան պատրաստ չէ բարձր մակարդակի ռազմական գործողություններ իրականացնել»։

Եթե այս կոնֆլիկտը հայտարարվի ահաբեկչական, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կարող են Անվտանգության խորհրդի միջոցով անցկացնել բանաձև և դաս տալ նրանց՝ պատժամիջոցներ կիրառելով։ Իրավական ճշմարտությունը Հայաստանի կողմն է և Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, իրավունք ունի օգտվել այս իրավիճակից։

Կոնովալով - «Այն, որ Էրդողանը ներքաշեց Սիրիայի վարձկաններին Ղարաբաղ, նոր իրականություն ստեղծեց, և սրա համար Բաքուն ու Անկարան ստիպված կլինեն պատասխան տալ։ Դա կպահանջի միջազգային հանրությունը։ Ղարաբաղյան հակամարտության ֆոնին Էրդողանը ձգտում է ազդեցության նոր մեխանիզմներ ձեռք բերել և Ռուսաստանի և Միացյալ նահանգների և Եվրամիության վրա ազդելու համար, բայց կարծում եմ դա չի հաջողվի, որովհետև իրավիճակը վերածվել է հումանիտար աղետի։ Նորից զոհվում են խաղաղ բնակիչներ։ Հիմա արդեն համաշարհային ընդհանուր մոտեցում է՝ Բաքվի ոտքերը Անկարայից են աճում, բոլոր պահանջներն ուղղվում են նրա դեմ։

Հիմա Հայաստանը կարող է բարձրացնել Արցախը բանակցային գործընթացում ներառելու պահանջը, որի հնարավորությունը բաց էր թողել 2016-ին, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց չպատժել հակառակորդին, ասում է Տարասովը։ Ադրբեջանը ցանկանում է Արցախն առանց ժողովրդի, ինչպես 19-րդ դարում, երբ Թուրքիան իրագործեց հայերի ցեղասպանությունը, սակայն այդ ֆենոմենը կրկնել նրանք չեն կարողանա։

Հեղինակ`Մերի Եգորյան
1lurer.am
Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 2-ից